Հ. Թերթերում գրում են, որ 2009թ. բյուջեի բարձր ծավալը ծանրանալու է փոքր ու միջին բիզնեսի վրա։ Արդյո՞ք այդպես է։
Պետական բյուջե լրացուցիչ հավաքագրվող հարկային եկամուտները պետք է բաժին ընկնեն բացառապես խոշոր ձեռնարկատիրության ոլորտին, քանի որ Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտից գանձվող հարկերը պետական բյուջեի ողջ հարկային եկամուտների կառուցվածքում խիստ ցածր տեսակարար կշիռ ունեն, և հետևաբար, պետությունը բյուջեի հարկային մուտքերի աճի վերը նշված ցուցանիշի ապահովումը չի կարող կապել փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտից գանձվող հարկերի ավելացման հետ։ Այդ է վկայում նաև այն, որ 2009թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխություններով ներդրվել է ավելացված արժեքի հարկով չհարկվող շեմ` տարեկան հարկվող շրջանառության 58.35 մլն. դրամի չափով (առանց ավելացված արժեքի հարկի), ինչը փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռում չհամարվելու ավելացված արժեքի հարկ վճարող։ Միաժամանակ, փոքր և միջին ձեռնարկատերերի համար էականորեն պարզեցվել են հարկման, հաշվառման ու հաշվանցում (նվազեցում) կատարելու ընթացակարգերը` դրանով իսկ թեթևացնելով նրանց հարկային բեռը։ Արդյունքում ակնկալվում է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտից հավաքվող հարկային եկամուտները պետք է որոշակիորեն կրճատվեն, իսկ հարկային եկամուտների նշյալ կորուստները պետք է փոխհատուցվեն հիմնականում խոշոր ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող հարկային քաղաքականության ու վարչարարության արդյունավետության բարձրացման միջոցով։