Հ. Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանում գյուղական ճանապարհների շինարարության ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի որոշումը: Արդյո՞ք գյուղական համայնքները կզրկվեն բարեկարգ ճանապարհ ունենալու հնարավորությունից:
«ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակում 2008թ. կնքված 6 պայմանագրերով նախատեսվում էր մինչև 2010 թվականի հունիսի 30-ը վերականգնել 272,9 կմ ճանապարհահատված` 18 մլրդ 241.8 մլն դրամ ընդհանուր արժեքով:
2009թ. հուլիսի 1-ի դրությամբ այդ պայմանագրերից իրականացված կլինի միայն 4.6 մլրդ դրամի աշխատանք` ՀՀ պետական բյուջեից 2008 թվականին կատարված հատկացումների հաշվին: Հետևաբար` 13.64 մլրդ դրամի աշխատանք կամ շուրջ 75 տոկոսը չի կատարվի: Ուստի` ՀՄԿ կողմից ենթածրագրի դադարեցման մասին հունիսի 10-ի որոշման ուղղակի բացասական ազդեցությունները կլինեն որոշակի, այդ թվում`
ա. 77 համայնքների շուրջ 140 հազար բնակիչներ զրկված կլինեն բարելավված ճանապարհներից, գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքում տրանսպորտային ծախսերը կավելանան և արդյունքում` գյուղացիական տնտեսությունների եկամուտների աճը կպակասի,
բ. 2000-2500 աշխատատեղ շուրջ 1 տարի ժամկետով կկրճատվի` մեծ մասամբ շահառու համարվող համայնքներից, որոնք ընդգրկված էին ճանապարհաշինարարական աշխատանքներում և այլն:
Բացի ուղղակի բացասական ազդեցությունից, շահառու գյուղական համայնքները կկրեն նաև անուղղակի վնասներ:
Նկատի ունենալով այն, որ գյուղական ճանապարհների ծրագրի ֆինանսավորումը ավելի քան մեկ տարի կասեցված էր ՀՄԿ կողմից` հարցը բազմիցս քննարկվել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդում, որտեղ դիտարկվել են հնարավոր միջոցառումները այլ աղբյուրներից ֆինանսավորում ապահովելու ուղղությամբ` ծրագիրը տրամաբանական ավարտին հասցնելու համար:
Մասնավորապես մշակվել է Գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի Առաջին փաթեթի ճանապարհների շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների հաշվարկը:
Պահանջվող 6 մլրդ 862.7 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորման պարագայում հնարավոր կլինի սկզբնապես նախատեսված 272.9 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներից շահագործման հանձնել 123.9 կմ ասֆալտապատված ճանապարհ, մինչև տարեվերջ պահպանել 2000-2500 աշխատատեղ:
Ներկայումս նշված ծրագիրը քննարկվում է` այլ աղբյուրներից ֆինանսավորում հայթհայթելու նպատակով: