Հ. ՀՀ կառավարության որոշման համաձայն կիսակառույց բազմաբնակարան շենքերի ավարտման համար որոշ ընկերությունների տրվելու են բյուջետային երաշխիքներ: Ի՞նչ ընթացքի մեջ է այդ որոշման իրականացումը և քանի՞ ընկերություն է ստացել այդպիսի երաշխիքներ:
Մինչ օրս Օպերատիվ շտաբը քննարկել է պետական երաշխիքի ներքո կիսակառույց բազմաբնակարան շենքերի ավարտման չորս ծրագիր, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Մասնավորապես բյուջետային երաշխիք է տրամադրվել հետևյալ ընկերություններին.
1. “Էլիտ Գրուպ” ՓԲԸ-ին – 2.5 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` Երևանի Ձորափի 40 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի ավարտման համար (ավարտվածության աստիճան` 75%): Բյուջետային երաշխիքի դիմաց ընկերությունը գրավադրել է 7.14 մլն. դոլարին համարժեք անշարժ գույք: Կառուցվող բազմաբնակարան շենքի ընդհանուր մակերեսը`31000 քառ. մետր:
2. “Հերմեկ” ՍՊԸ-ին – 1 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ`Երևան քաղաքի Արամի 82 և 84 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքի ավարտման համար (ավարտվածության աստիճան` 79%): Բյուջետային երաշխիքի դիմաց ընկերությունը գրավադրել է 2.86 մլն. դոլարին համարժեք անշարժ գույք: Կառուցվող բազմաբնակարան շենքի ընդհանուր մակերեսը`մոտ 12 000 քառ. մետր:
3. “Լևոն Ամիրխանյան” ՍՊԸ – 960 մլն. դրամ – Երևան քաղաքի Սայաթ-Նովայի 40 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի ավարտման համար (ավարտվածության աստիճան` 73%): Բյուջետային երաշխիքի դիմաց ընկերությունը գրավադրել է 2.75 մլրդ. դրամ անշարժ գույք: Կառուցվող բազմաբնակարան շենքի ընդհանուր մակերեսը`մոտ 24 000 քառ. մետր:
4. “Մ.Գ.-Հաուզինգ” ՍՊԸ-ին – 3 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ – Երևան քաղաքի Ամիրյան 4/14 և 4/24 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքի ավարտման համար (ավարտվածության աստիճան` 59.9%): Բյուջետային երաշխիքի դիմաց ընկերությունը գրավադրել է 8.6 մլն. դոլարին համարժեք անշարժ գույք: Կառուցվող բազմաբնակարան շենքի ընդհանուր մակերեսը`մոտ 30500 քառ. մետր
5. “Վահե Հարությունյան” ԱՁ-ին – 950 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ – Երևան քաղաքի Հանրապետության 51 և 53 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքի ավարտման համար (ավարտվածության աստիճան` 80%): Բյուջետային երաշխիքի դիմաց ընկերությունը գրավադրել է 2.7 մլն. դոլարին համարժեք անշարժ գույք: Կառուցվող բազմաբնակարան շենքի ընդհանուր մակերեսը`մոտ 10 500 քառ. մետր
Ընդհանուր առմամբ տրամադրվել է մոտ 10 մլն. ԱՄՆ դոլար բյուջետային երաշխիք: Շինարարության ավարտի ընթացքում շահագործման կհանձնվի մոտ 108 000 քառ. մետր տարածք:
Ներկայումս Օպերատիվ շտաբի քննարկման է ներկայացված ևս երկու նմանատիպ ծրագիր` մոտ 5 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:
Կառուցապատողների կողմից ծրագրի նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն, ինչի մասին են վկայում վերջիններիս կողմից ամենօրյա հարցումները Օպերատիվ շտաբ տեղեկություններ ստանալու նպատակով: Կարծում ենք, որ ծրագիրը մինչ օրս ընթանում է սահուն և կունենա իր դրական ազդեցությունը շինարարության բնագավառի աշխուժացման համար: