Հ. Վերջերս շատ են խոսում հաշվիչ դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակախաղ կազմակերպելու մասին։ Ինչպե՞ս կարող ենք մասնակցել այդ վիճակախաղին և ո՞ր կտրոններն են շահելու։
Բոլորս էլ խանութներից ձեռք ենք բերում ապրանքներ։ Վաճառողը ցանկացած գնում պարտավոր է ամրագրել ՀԴՄ կտրոնով։ Գնորդը, տվյալ դեպքում ֆիզիկական անձը, իրավունք ունի պահանջել կտրոնը, մենք ոչ ոքի պարտադրել չենք կարող։ Սակայն կարող ենք շահագրգռել։ Որպեսզի մարդիկ պահանջեն ՀԴՄ կտրոնները, քաղաքական որոշում է կայացվել՝ ներդնել ՀԴՄ կտրոնների միջոցով վիճակահանության մեխանիզմը։ Ամեն ամսվա ընթացքում տպագրված ՀԴՄ կտրոնների համար հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը Հանրային հեռուստատեսությամբ կկայանա վիճակախաղ։
ՀԴՄ կտրոնի դարձերեսին լինելու է 8 թիվ՝ 0-ից մինչև 9-ը միջակայքում։ Եթե առաջին 4 թվերը համընկնեն, ուրեմն շահումը արդեն 5000 դրամ է։ 5-րդ թվի համընկնումը շահումը դարձնում է 20000 դրամ, 6-րդ թվինը՝ 50000 դրամ, 7-րդինը՝ 500000 դրամ։ Սակայն բոնուսը չի կարող գերազանցել շահումի առավելագույն գումարը՝ 5 մլն դրամը։