Շաբաթ, 7 Նոյեմբերի 2009
Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ։
Ակնհայտ է, որ «Արմթեքը» պետք է զարգանա և կատարելագործվի։ Մենք այս երեք օրերի ընթացքում բավական մեծ դասեր ենք քաղել մեզ համար։ Առաջինը, որ այս հանդիպումները, քննարկումները բացառիկ հնարավորություն են ստեղծում մեր տնտեսական թիմի համար` վերանայելու, ճշգրտելու մեր անելիքները Հայաստանում։ Անհրաժեշտ է վերանայել Հայաստանի ապագայի, դերի, նշանակության մասին մեր որոշ պատկերացումները։ Մեր ծրագրերի որոշ կետեր քննություն են բռնում, դրանք մենք պետք է ուժեղացնենք և ամրապնդենք։ Այսօրվա ելույթներից մեկում մի հետաքրքիր ձևակերպում կար, կարծեմ «Էրիքսոնի» ներկայացուցչի ելույթն էր` «անցյալն այսօր է, իսկ ապագան վաղն է»։ Այս ձևակերպման մեջ արտացոլվում է արագ փոփոխությունների գաղափարը։ Ժամանակակից աշխարհի առանձնահատկությունն արագ փոփոխություններն են, և մենք պետք է ձեզ հետ միասին պատրաստ լինենք արագ փոփոխություններին, որովհետև այն, ինչ տեսանք «Sillicon valley»-ում, արդեն իսկ մեզ ստիպում է փոփոխություններ մտցնել մեր ծրագրերի մեջ։ Պարզ է, որ մեր ծրագրերն արդեն հնամաշ են, հնացել են այն ժամանակահատվածի ընթացքում, երբ մենք փորձում էինք դրանք իրականացնել։ Աշխարհը շատ ավելի առաջ է գնացել։ Մենք պետք է «վերալիցքավորվենք», որի հնարավորությունը մեզ տալիս է «Արմթեք»-ը։
Երկրորդ կարևոր դրույթն այն է, որ ոչ թե Հայաստանը պետք է գա գլոբալ ընկերությունների մոտ, այլ գլոբալ ընկերությունները պետք է գան Հայաստան։ Աշխարհը դառնում է շատ փոքր, և աշխարհի գլոբալ ընկերությունները մրցակցում են այդ փոքր աշխարհում։ Արդեն ազատ տեղ չի մնացել։ Ամբողջ աշխարհը ցանցով պատված է, անիմաստ է այսօր հայտնաբերել մի տարածք, որն այդ ցանցից դուրս է։ Սա մեզ բերում է երրորդ եզրակացության` այն է` աշխարհի գլոբալ ընկերությունները չեն մրցակցում այսօրվա շուկայում ազատ տարածք գտնելու համար. չկա այսօրվա շուկայում ազատ տարածք, ավելին, ապագայի շուկայում էլ արդեն բոլոր տարածքները զբաղված են։ «Կապույտ օվկիանոսի ռազմավարությունը»` «Blue ocean strategy»-ն, դառնում է խիստ արդիական նաև Հայաստանի համար, որովհետև բոլոր այն տարածքները, որտեղ մենք փորձում էինք դիրքավորվել, զբաղված են ե'ւ այսօր, ե'ւ վաղը։ Մենք ուշացել ենք, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է գտնենք մեր օվկիանոսը, մեր տարածքը, որտեղ կունենանք մեր հարաբերական առավելությունը։ «Արմթեք»-ը պետք է մեզ օգնի գտնելու այդ հարցի պատասխանը, որովհետև «Արմթեք»-ը տալիս է բացառիկ հնարավորություն լսելու, թե ժամանակակից աշխարհն ի՞նչ տրամաբանությամբ է զարգանում, ի՞նչ կանոններով է մրցակցությունը իրականացվում, և ինչպիսին է ապագան։ «Ո՞րն է մեր տեղն այդ ապագայում», հարցի պատասխանը մենք պետք է տանք «Արմթեք»-ի շնորհիվ։ Ոչ մի գլոբալ ընկերություն մեր փոխարեն չի մտածում։ Նրանք մտածում են իրենց բիզնեսի մասին, թե ինչպես իրենք վաղը աշխարհում ամրապնդեն իրենց դիրքերը։ Մեզ թվում էր, թե գիտելիքը, մտածելու կարողությունը մեզ բարգավաճում են ապահովելու։ Այսօր ես հասկացա, որ գիտելիքը, մտածելու կարողությունն անհրաժեշտ պայման են, բայց ոչ բավարար. կա հաջողության հասնելու մեկ այլ, ավելի կարևոր նախապայման։ Պետք է լինի գիտելիքի, մտածելու կարողության վրա հիմնված ձգտում, փոփոխության մեծ ցանկություն, համոզմունք` դիմելու այդ փոփոխություններին։ Եթե չկա այդ ցանկությունը, մենք ապագա չենք ունենա։ Կարծում եմ, պետք է որոնենք այս հարցերի պատասխանը։ Որտեղի՞ց վերցնենք այդ լիցքը, փոփոխություններ իրականացնելու այդ ցանկությունը, որովհետև այն իրավիճակը, որում գտնվում ենք, մեզ չի բավարարում։ Անհրաժեշտ է, որ «Արմթեք»-ը համախմբի այն մարդկանց, ովքեր ոչ միայն գիտակցում են փոփոխությունների անհրաժեշտությունը, այլև պատրաստ են ձեռնամուխ լինելու դրանց իրականացմանը։ Եթե մենք ուզում ենք ապագա ունենալ, ապա մեզ այդպիսի մարդիկ խիստ անհրաժեշտ են։
Հայկական աշխարհ։ Հայկական աշխարհն իրականություն է։ Արագ փոփոխվող և փոքրացող աշխարհը մեզ ցույց տվեց դա։ Մենք` հայերս, փոխկապակցված ենք այդ միասնական հայկական աշխարհում, և այսուհետև մեզ պետք է հետաքրքրի ոչ թե հայկական աշխարհի ձևավորման խնդիրը, որովհետև այն իրողություն է, այլ հայկական աշխարհի ապագան, այսինքն` ինչ փոփոխությունների մենք պետք է ենթարկվենք, ինչպես պետք է փոխենք հայկական աշխարհի ավանդական կառույցները, մեր երկիրը, մեր կառավարությունը, ինչ մտածողությամբ պետք է իրականացնենք այդ փոփոխությունները։ Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանը պետք է տանք և ոչ թե կառուցենք մի բան, որն արդեն կա։ Մենք պետք է փոխենք այն, ինչը գոյություն ունի։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք փոփոխությունների։ Ցավով պետք է արձանագրենք, որ` ոչ, որովհետև փոփոխության ձգտողները հանդիպում են դիմադրության, որի ուժն ավելի մեծ է, քան փոփոխության ձգտումը։ Մենք մեր հայկական աշխարհում խիստ պահպանողական ենք. ցանկացած նոր գաղափար չենք ընդունում, մերժում ենք։ Տեսնում ենք բազմաթիվ վտանգներ, ռիսկեր, և ստացվում է, որ լավագույն բանաձևը ոչինչ չանելն է, իսկ դա կործանման ճանապարհն է։ Բայց մեր այս հիվանդությունն ունի իր օբյեկտիվ պատճառը. մեր ժողովուրդը 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի առաջին քառորդը պատմությունից այնպիսի մի դաժան իրողություն է ժառանգել, որի անունն է ցեղասպանություն։ Ի տարբերություն այլ ազգերի հետ կատարվածի, ցեղասպանությունը հայ ժողովրդի կենսագրության մեջ ունեցել է շատ ավելի խորը ու հեռուն գնացող ողբերգական հետևանքներ։ Մենք զրկված ենք եղել մեր ազգի բնականոն զարգացման գործընթացից, զրկված ենք մեր հայրենիքից, այն տարածքներից, որտեղ մեր հազարավոր տարիների պատմությունն էր ընթանում։ Մենք զրկվեցինք հազարավոր մտավորականներից, մեր էլիտայից, որը մեզ առաջնորդում էր և հոգևորականների 5000-անոց մեր բանակից։ Այժմ մեր առջև խնդիր է ծառացած` հաղթահարել ցեղասպանության բարդույթները, որովհետև եթե չհաղթահարենք դրանք, ապագա չենք ունենա։ Մենք անցել ենք շատ դաժան ու դժվարին մի պատմության ուղի, բայց պարտավոր ենք հաղթանակած դուրս գալ այդ իրավիճակից։ Մենք պետք է ուժեղանանք։ Պետք է ուժեղանանք և փոփոխության դիմելու համարձակություն ունենանք։ Մեր երկրի նախագահը հայտարարեց` ապագա ունենալու համար փոփոխություններ իրականացնելու ժամանակը եկել է։ Մենք չենք կարող մոռանալ ցեղասպանության խնդիրը, և կարծում եմ, որ դահլիճում հավաքված բոլոր ներկաները հավատում են իմ անկեղծությանը, հավատում են, որ դա մեր համոզմունքն է։ Մենք չենք կարող դա մոռանալ, որովհետև ես, իմ ընտանիքը, ցանկացած հայ իր մաշկի վրա է զգում ցեղասպանության հետևանքները, որոնք թույլ չեն տալիս մեզ իրականացնել բեկումնային զարգացումներ։ Մենք դա խորը և քաջ գիտակցում ենք։ Ցավոք սրտի, ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին հնարավորություն չտրվեց ազատորեն և լիակատար կերպով տիրապետել իր ազգային ինքնությանը, նպատակին, խնդիրներին։ Սովետական Միության տարիները բնական զարգացման տարիներ չէին. մենք զրկված էինք ազատ մտածելու հնարավորությունից, կտրված էինք եկեղեցուց և մեր ազգային արժեքներից։ Մենք ապրում էինք տոտալիտար համակարգում, որը ձևավորեց պետականության որոշ ինստիտուտներ, բայց որը չտվեց ազգային խնդիրներ լուծելու հնարավորություն, որովհետև Սովետական Միությունը տոտալիտար գաղափարախոսության պետություն էր, որտեղ ազատություն չկար։
Այսօր ստացել ենք այդ ազատությունը, բայց պարզվում է, որ պատրաստ չէինք դրան։ Այդ առումով առաջին քայլերն ենք կատարում, և եկել է ժամանակը, որպեսզի մենք ի վիճակի լինենք մեր առջև դնելու մեծ խնդիրներ և դիմելու մեծ փոփոխությունների։
Հայ-թուրքական հարաբերությունների գնահատման փիլիսոփայությունը շատերի կողմից ընդունվում է մեծ դժգոհությամբ, և դա հասկանալի է։ Ցեղասպանության պատճառով է, որ մենք այսօր ունենք բազմաթիվ պրոբլեմներ, բայց եթե ուզում ենք փոփոխություններ, պարտավոր ենք նայել դեպի ապագան։ Մենք պետք է այնպիսի ռազմավարություն մշակենք, որ ապագայում հաղթանակներ է ապահովելու։ Այդ ռազմավարությունը հռչակել է հանրապետության նախագահը։ Ռազմավարության գաղափարն այն է, որ մենք մեր հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ պետք է կարողանանք ստեղծել ժամանակակից քաղաքակիրթ հարաբերություններ։ Դա բխում է մեր ժողովրդի, հայկական աշխարհի շահերից։ Հայկական աշխարհի շարժիչ ուժը Հայաստանի Հանրապետությունն է, և մենք որպես ազգ, որպես տեսակ, կարող ենք գոյատևել միայն մի պայմանով` եթե լինի ուժեղ, հզոր Հայաստանի Հանրապետություն։ Մենք որպես ազգ ունենք մի քանի կարևոր խնդիր, բայց պարտավոր ենք այդ խնդիրների մեջ առաջնահերթություններ սահմանել։ Ցեղասպանության ճանաչումը մեր ազգի կարևորագույն խնդիրներից է, որովհետև հայ ժողովրդի առանցքային առանձնահատկություններից մեկը արդարության ձգտումն է։ Հայ ժողովուրդը չի հանդուրժում անարդարություն, իսկ մեզ հետ անարդար են վարվել ոչ միայն Թուրքիան ու թուրքերը, այլև ամբողջ աշխարհը, որը չի նկատել ցեղասպանությունը։ Մեծ ջանքեր են պահանջվում մեզնից, որպեսզի ստիպենք, որ տարբեր պետություններ ճանաչեն այդ իրողությունը։ Արդար չէ, որ ցեղասպանությունը այսօր ճանաչված չէ, բայց ես համոզված եմ, որ ցեղասպանությունը ճանաչվելու է և ճանաչվելու է նաև Թուրքիայի կողմից։ Դա անխուսափելի է։ Ո՞րն է այդ նպատակին հասնելու ճանապարհը։ Հայկական աշխարհի, հայ ժողովրդի կարևորագույն նպատակը ուժեղ, հզոր պետություն ունենալն է, որը պետք է կարողանա ապահովել իր ազգային անվտանգությունը։ Ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև ողջ հայ ժողովրդի ազգային անվտանգությունն այսօր որոշվում է ՀՀ-ում, և դա առաջնային խնդիր է, որը ներառում է նաև ԼՂ խնդիրը։ Կարո՞ղ ենք առաջնահերթությունների մեջ այս խնդրից առավել կարևորել ցեղասպանության ճանաչման խնդիրը, թե՞ ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է լինի երկրորդ, ոչ թե առաջին տեղում։
Այսօր վտանգված է հայ ժողովրդի ապագան, մեր ազգային անվտանգությունն է այսօր սպառնալիքի տակ, եթե մենք չկարողանանք ստեղծել ժամանակակից, ժողովրդական, արագ տեմպերով զարգացող Հայաստանի Հանրապետություն, մենք կկործանենք ամեն ինչ։
Մեր հարևանները, որոնց հետ մենք ունենք խնդիրներ, արագ զարգանում են։ Նրանք իրենց այսօրվա գաղափարախոսությամբ վտանգավոր են մեր ազգի գոյության համար։ Ուրեմն, այս ռազմավարության ներքո մեզ համար չափազանց կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիան հռչակել է, որ իր գերագույն նպատակն է լինել Եվրամիության լիիրավ անդամ։ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայից հետո աշխարհի այն միակ պետությունն է, որն առավելագույնս դրանում շահագրգռված է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Թուրքիան հաջողի այս ճանապարհին, ինչո՞ւ` որովհետև Եվրամիության անդամակցության ճանապարհին Թուրքիան պարտավոր է իրականացնել լրջագույն բարեփոխումներ։ Այն պետք է դառնա ժամանակակից ժողովրդավարական երկիր, որը հարգում է բոլոր ազգերի իրավունքները։
Հասկանալի է, որ «ցեղասպանության ճանաչում» ասելով մենք առաջին հերթին նկատի ունենք, որ այն պետք է ճանաչի ինքը` Թուրքիան։ Մենք դրան ենք ձգտում։ Իսկ ո՞ր ճանապարհն է տանում դեպի այն, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանության փաստը։ Հայ դատի գրասենյակը, բոլոր ավանդական կուսակցությունները շատ քաջ ու իրատեսական գնահատական են տալիս` արդյո՞ք Թուրքիան պատրաստ է ճանաչել ցեղասպանությունը։ Բոլորն ասում են` ոչ։ Ո՞րն է ճանապարհը, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, չէ՞ որ հայ դատի մեր պայքարը ինքնանպատակ չէ։ Մենք իսկապես ձգտում ենք, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը։ Դրա համար կա միայն մեկ ուղի, որ Թուրքիան գնա բարեփոխումների ճանապարհով։ Եթե Թուրքիան ռեֆորմներ իրականացնի, հարգի բոլոր այն իրավունքները, որոնք հարգվում են Եվրամիությունում, իրավիճակը բերելու է նրան, որ ցեղասպանության ճանաչման հասնելու մեր նպատակն արդյունավետ դառնա։ Դրա համար Թուրքիայի բարեփոխումներ իրականացնելու ձգտումը` լինել Եվրամիության անդամ, բխում է հայ ժողովրդի շահերից։ Դասը հետևյալն է` պետք է հրաժարվենք հակաթուրքական մտածողությունից, պետք է ունենանք հայամետ մտածողություն։ Այն, ինչը վատ է Թուրքիայի համար, չի նշանակում, որ լավ է Հայաստանի համար։ Այսօր Թուրքիայի համար շատ լավ է Եվրամիության անդամ լինելը, և դա շատ լավ է նաև Հայաստանի համար, դա բխում է մեր ազգի շահերից։ Ուրեմն, այս առումով երկխոսությունն այլընտրանք չունի. եթե Թուրքիան հռչակել է բարեփոխումների ճանապարհ, մենք պետք է աջակցենք նրան։ Երկխոսությունը լավագույն ձևն է այդ առումով։ Այն հնարավորություն է տալիս օգտագործել բարեփոխումների ընթացքում ծնված այն պոտենցիալը, որն այսօր Թուրքիայում կա։ Դրանք հազարավոր թուրք մտավորականներն են, որոնք ընդունում են ցեղասպանության փաստը, որոնք ճանաչում են ցեղասպանությունը, և դա հնարավոր է այսօր Թուրքիայում միայն մի պատճառով` որովհետև այնտեղ փոփոխություններ են իրականացվում։ Ինձ հարցնում են` հավատո՞ւմ եք, որ Թուրքիան կհաջողի այդ ճանապարհին։ Հավանականությունը մեծ չէ, բայց այլընտրանք չկա, և մենք այս պատմական հնարավորությունից պարտավոր ենք օգտվել, որովհետև դա բխում է հայ ժողովրդի շահերից։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել Հանրապետության նախագահի խոսքերը` ուղղված հայ ժողովրդին, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը։ Երկրորդ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է առնչվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ։ Երրորդ, սահմանների ճանաչման խնդիրը լուծվելու է միջազգային իրավունքի շրջանակներում։
Սրանք կարևորագույն թեզեր են։ Ցավոք սրտի, պարզվում է, որ դեռևս շատերը տեղյակ չեն, թե պաշտոնական ինչ դիրքորոշում ունենք այս հարցերի շուրջ, և առկա է քաղաքական մեծ սպեկուլյացիա։ Դրա համար ես իմ պարտքը համարեցի ևս մեկ անգամ անդրադառնալ այդ խնդիրներին։ Միևնույն ժամանակ ամփոփելով իմ խոսքը` ուզում եմ ասել, որ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտարկել Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության նոր փիլիսոփայության ներքո, որպես ամբողջական փիլիսոփայություն։ Մենք ամենքս պետք է ձերբազատվենք բարդույթներից, պետք է պատրաստ լինենք ապրելու ժամանակակից աշխարհում, որի կարևորագույն հատկանիշն արագ փոփոխություններն են։ Պետք է «Արմթեք»-ում լիցքավորվենք նոր` այդ փոփոխությունները իրականացնելու ցանկությամբ, պետք է պատրաստ լինենք դրան։
Շնորհակալություն ուշադրության համար։