Հեռ.` 010 51 57 40
Էլ. փոստ` vardan.ascatryan@gov.am
Մուտքագրեք 3-120 նիշ, որպեսզի ստանաք առավել ճշգրիտ արդյունքներ։
Հեռ.` 010 51 57 40
Էլ. փոստ` vardan.ascatryan@gov.am
ՀՀ վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը համակարգում է ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները: Հաշվի առնելով հասարակական լայն շրջանակների հետաքրքրությունն ազգային փոքրամասնությունների և կրոնական կառույցների գործունեության վերաբերյալ, բաժնի և վերոհիշյալ մարմինների մասին տեղեկատվությունը ներկայացնում ենք որպես առանձին բաժին:
1. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի գործունեության ոլորտները՝
ա) ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր,
բ) կրոնի ու խղճի ազատությանն առնչվող հարցեր:
2. Բաժինը՝
1) իրականացնում է ազգային փոքրամասնություններին, կրոնի ու խղճի ազատությանն առնչվող` կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրություն կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է մասնագիտական փորձաքննություն, տալիս է համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ.
2) նախապատրաստում է իր գործունեության ոլորտների մասին տեղեկատվական նյութերն ու տեղեկանքները, իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած տեղեկատվության ամփոփումն ու վերլուծությունը և ներկայացնում աշխատակազմի ղեկավարին.
3) հսկողություն է իրականացնում իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ.
4) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր.
5) կազմակերպում կամ մասնակցում է աշխատակազմ մուտք գործած՝ ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերին վերաբերող բոլոր տեսակի առաջարկությունների կամ խնդիրների լուծման նպատակով կազմակերպվող քննարկումներին.
6) իրականացնում է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի գործունեության կազմակերպչական աշխատանքները.
7) իրականացնում է պարբերական հանդիպումներ ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների հետ և զեկուցագրեր պատրաստում իրավիճակի և բացահայտված խնդիրների մասին, մասնակցում նրանց միջոցառումներին.
8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող գումարի բաշխման նախապատրաստական աշխատանքները, նախապատրաստում դրամաշնորհային պայմանագրերը, հավաքում ազգային փոքրամասնությունների ՀԿ-երի կողմից սույն գումարի օգտագործման մասին հաշվետվությունների հավաքումն ու ամփոփումը.
9) իրականացնում է www.gօv.am պաշտոնական կայքէջի համապատասխան բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրումն ու թարմացումը:
Ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ցանկ
Ազգային փոքրամասնություններով հոծ բնակեցված ՀՀ 5 մարզերը
1.Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիա
Խորհրդային միության փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո ազգային ինքնագիտակցության զարթոնք ապրեցին ոչ միայն հայերը, այլև հայաստանաբնակ այլազգիները, որոնց հիմնած ազգային հասարակական կազմակերպությունները կարճ ժամանակ անց համախմբվեցին՝ միավորվելով Վլադիմիր Չատոևի ջանքերով 1994 թ. ստեղծված Հայաստանի «Ազգությունների միություն» հասարակական կազմակերպության կազմում։ Ազգային փոքրամասնությունների ճանաչման, իրավունքների և ազատությունների ապահովման համար բարենպաստ էր նաև արտաքին միջավայրը, քանի որ 1994 թ. հոկտեմբերին ստորագրվել էր «Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման մասին» կոնվենցիան՝ փորձելով հետխորհրդային տարածաշրջանում ստեղծել ազգային փոքրամասնությունների պաշտպանության իրավական մեխանիզմ։ Հայաստանի «Ազգությունների միությունը», որի գործունեությունը նպատակաուղղված էր Հայաստանի ազգությունների ինքնության պահպանմանը, բարեգործության կազմակերպմանն ու Միության անդամների միջև, ինչպես նաև պետական և հասարակական կառույցների հետ փոխըմբռնման ու համագործակցության միջավայրի ձևավորմանը, հիմնադրմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում ավելի քան 70 միջոցառում իրականացրեց՝ էական ներդրում ունենալով միջմշակութային երկխոսության կայացման գործում։
Հայաստանում ազգային փոքրամասնությունների հետ տարվող աշխատանքների ինստիտուցիոնալացման գործում շրջադարձային է համարվում է 2000 թ. մարտին կայացած ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համագումարը, որի արդյունքում ՀՀ նախագահի հունիսի 15-ի կարգադրությամբ հավանություն տրվեց ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր Ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի ձևավորմանը, որը գործել է մինչև 2018 թվականը:
Ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի 2000 թ. հոկտեմբերի 5-ի առաջարկությամբ ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի պետական բյուջեից ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին՝ խթանելով վերջիններիս կրթական-մշակութային գործունեությունը։
Հետհեղափոխական Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման, ազգային ինքնության պահպանման և մշակույթի զարգացման առումով անփոխարինելի դեր և նշանակություն ունի ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի՝ N 486-Լ որոշմամբ ստեղծված Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդը։ Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը կազմված է ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուր ազգային համայնքից երկուական անդամ։ Խորհրդի անդամ ընտրվում են ազգային փոքրամասնության յուրաքանչյուր համայնքը ներկայացնող, առնվազն հինգ տարվա ազգային-մշակութային գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունները՝ համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ընդհանուր ժողովում: Ընդհանուր ժողովը երկու տարին մեկ անգամ ընտրում է խորհրդի երկու նոր անդամների: 2019 թվականի մայիսի 17-ին կայացած նիստում հաստատվել է Խորհրդի աշխատակարգը, ինչպես նաև գումարի բաշխման սկզբունքը, որը որոշ փոփոխությունների է ենթարկվել 2025 թվականին։ Այսպես, 25 մլն դրամից 9 մլն դրամը հավասարապես բաշխվում է Խորհրդում ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող կազմակերպությունների միջև, իսկ 1 մլն դրամը փոխանցվում է կազմակերպություններից մեկին՝ Խորհրդի միասնական ծրագրերի իրականացման համար։ Մյուս 15 մլն դրամը բաշխվում է համաձայն ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների կողմից (այդ թովում՝ Խորհրդի անդամ չհանդիսացող) նախապես ներկայացված և Խորհրդում հաստատված նախաձեռնությունների և ծրագրերի՝ ազգային-պետական կառույցներ չունեցող և (կամ) մեծաթիվ համայնքներ (ասորական, եզդիական և քրդական) ներկայացնող կազմակերպությունների կարիքների առաջնահերթ բավարարմամբ։
Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի Աշխատակարգ
Խորհրդի նիստի արձանագրություններ
Արձանագրություն արտահերթ 09.04.2024թ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամաններ