Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ամփոփվել են ՀՀ սփյուռքի նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները

փետրվար 25, 2015
Ամփոփվել են ՀՀ սփյուռքի նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շարունակվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Մասնավորապես, զեկույցով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ներկայացնելով Սփյուռքի նախարարության 2014թ. իրականացված աշխատանքները, նախարարը նշել է, որ հաշվետու տարում նախատեսված երեք գերակա խնդիրները կատարվել են: Մասնավորապես, ընդլայնվել են նախարարության ու համահայկական կառույցների համատեղ ծրագրերը, կազմակերպվել են հայապահպանությանը նվիրված համաժողովներ, մրցանակաբաշխություններ, մշակութային միջոցառումներ և այլն: Տեղի են ունեցել «Իմ Հայաստան» փառատոնը, «Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովը, կազմակերպվել է «Սփյուռք» ամառային դպրոցը, որին նախատեսված 100-ի դիմաց ապահովվել է 222 սփյուռքահայի մասնակցություն՝ աշխարհի 22 երկրից: Նախորդ տարվա ընթացքում կազմակերպվել են նաև Հայոց լեզվի արագացված ուսուցման, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների, Ազգային երգի ու պարի դասընթացներ:
Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը 2014 թվականին իրականացվել է 8 փուլով: Նախատեսված մինչև 1000 մասնակցի փոխարեն հյուրընկալվել է 1071 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի 31 երկրից: Առաջին անգամ ծրագրին մասնակցել է Դիարբեքիրից իսլամացած 50 հայերի խումբը:
Նախարարության հաջորդ գերակայությունն է եղել արտակարգ իրավիճակներում հայտնված սիրիահայերի, այսօր արդեն նաև ուկրաինահայերի և իրաքահայերի հետ աշխատանքների համակարգումը: Նշվել է, որ Հայաստանում է գտնվում 12 հազարից ավելի սիրիահայ. նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օժանդակություն՝ կացարանի, կրթության, առողջապահական և այլ հարցերով: Այժմ աշխատանքներ են տարվում նաև Ուկրաինայի տարածաշրջաններից և Իրաքից սփյուռքահայերի՝ հայրենիք վերադարձը կազմակերպելու և նրանց սոցիալական տարբեր ծրագրերում ներգրավելու ուղղությամբ:
ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ համակարգում է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն ու տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքները: Մասնավորապես, աշխարհի 50-ից ավելի երկրում գործող 61 հանձնախմբերը շարունակում են իրականացնել միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված համակողմանի աշխատանքները՝ կազմակերպելով տարբեր համաժողովներ, կլոր-սեղան քննարկումներ, տեղի հասարակական, քաղաքական շրջանակների հետ հանդիպումներ, հիշատակի արարողություններ և այլն:
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նախարարության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում, շեշտելով, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է հայապահպանությանն ուղղված աշխատանքները: Վարչապետը կարևորել է սփյուռքահայերի շրջանում հայոց լեզվի, գրականության ու մշակույթի տարածումը: Կարևորվել է նաև «Արի տուն», մանկավարժների վերապատրաստման և մյուս ծրագրերի շարունակականությունը, սփյուռքի հայկական ուսումնական հաստատությունները դասագրքերով ու հայ գրականությամբ համալրելու աշխատանքները: