Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Բրյուսելյան այցի արդյունքները. Տիգրան Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստում

մարտ 18, 2011
Բրյուսելյան այցի արդյունքները. Տիգրան Սարգսյանի  խոսքը ՀՀ կառավարության նիստում

Այսօրվա կառավարության նիստը ես ուզում եմ սկսել` տեղեկացնելով ձեզ բրյուսելյան այցելության արդյունքներին: Առաջին հերթին ուզում եմ նշել, որ մենք ունենք լիակատար և բազմակողմանի աջակցություն Եվրամիության բոլոր կառույցների կողմից, և դուք հեռուստատեսությամբ հետևում էիք այն հանդիպումներին, որ տեղի ունեցան Եվրամիության ղեկավարների հետ: Բոլոր մակարդակներում մենք ստացել ենք հավաստիացում, որ բարեփոխումների այն ծրագիրը, որ իրականացնում է մեր կառավարությունը, ստանալու է լիակատար և բազմակողմանի աջակցություն, ինչը, բնականաբար, լրջագույն հնարավորություն է տալու կառավարությանը 2011թ. նոր թափ հաղորդել բարեփոխումներին:
Երկրորդ, մեզ առաջարկվում է բազմազան գործիքակազմ` օգտվելու Եվրամիության օժանդակությունից: Դա նշանակում է, որ էապես պետք է ակտիվացնել բոլոր գերատեսչությունների համագործակցությունը Եվրամիության համապատասխան կառույցների հետ: Դա նշանակում է, որ մեր նախարարներն առաջին հերթին պետք է ուղղակի կապերի մեջ լինեն իրենց գործընկերների հետ Բրյուսելում և այդ կապերն օգտագործեն ի նպաստ այն բանի, որ մի կողմից մեզ համար հասանելի լինեն այդ գործիքները, մյուս կողմից ավելի ճշգրիտ ներկայացվեն այն խնդիրները և առաջնահերթությունները, որ ծառացած են մեր գերատեսչությունների առջև: Բոլոր հանձնակատարների հետ հանդիպումների ժամանակ մենք ամրագրել ենք, որ այդ հնարավորությունները Հայաստանի համար այսօր հասանելի են և անհրաժեշտ է, որպեսզի մեր գերատեսչությունները ակտիվություն դրսևորեն այդ առումով: Հաջորդ շաբաթ մենք խոհրդակցություն ենք անցկացնելու և կխնդրեի, որպեսզի բոլոր գերատեսչությունների ղեկավարները պատրաստվեն այդ խորհրդակցությանը, մասնավորապես` Եվրամիության հետ համագործակցության տեսակետից ինչ ծրագրեր ենք մենք սկսել, ինչ պարտավորություններ ենք ստանձնել և ինչ անելիքներ ու լրացուցիչ խնդիրներ ունենք, որ պետք է լուծենք, որպեսզի հստակ ձևակերպումներով և մեր ակնկալիք օժանդակության վերաբերյալ հստակ նախագծերով կարողանանք ներկայանալ Բրյուսել, որպեսզի ստանանք այն օժանդակությունը, որ Եվրամիության կառույցները կարող են մեզ տրամադրել:
Բնականաբար, այսպիսի մոտեցումները և վերաբերմունքը մեզ ոգևորում են այն առումով, որ այդ ամենը մեզ լրացուցիչ լիցք է փոխանցելու նոր թափ հաղորդել բարեփոխումներին, ընդ որում, առաջնային պետք է լինեն այն բարեփոխումները, որոնք իրենց արդյունքներով մեր քաղաքացիների համար ստեղծելու են ավելի բարձր կենսամակարդակ ապահովելու հնարավորություններ, որպեսզի մեր քաղաքացիները զգան այդ բարեփոխումների արդյունքները: Սա առաջին:
Երկրորդ խնդիրը երկկողմանի հարաբերություններն են: Մեր հանդիպումները Բելգիայի վարչապետի, Սենատի ղեկավարի և խորհրդարանի նախագահի հետ վկայում են, որ կա բավականին մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու առումով և այստեղ էլ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կկարողանանք նոր թափ հաղորդել երկկողմանի հարաբերություններին:
Երրորդ խնդիրը կապված է Ճապոնիայի ողբերգական իրադարձությունների հետ. հասկանալի է, որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է ատոմակայանների անվտանգության խնդիրը: Բոլոր երկրներում, որտեղ կան ատոմակայաններ, կառավարությունները կազմակերպում են լրացուցիչ քննարկումներ, հաշվի առնելով Ճապոնիայում ստեղծված իրավիճակը` ինչ ռիսկեր են առկա այդ բնագավառում և ինչ լրացուցիչ միջոցառումներ պետք է իրականացնել անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Կարծում եմ, այդպիսի քննարկումներ մենք նույնպես կծավալենք, հաշվի առնելով նաև Ճապոնիայի այն խնդիրները, որոնք այսօր առաջացել են: Ըստ էության առաջին եզրահանգումն այն է, որ եթե մի քանի հանգամանքներ համընկնում են, ապա այդ դեպքում է, որ առաջանում են լուրջ ռիսկեր: Ճապոնիայի դեպքում երկրաշարժի հարվածները ամենևին չեն վնասել ատոմակայանին, այլ հիմնական խնդիրը առաջացել է այն բանից հետո, երբ 10 մետրանոց ալիքը հարվածել է ատոմակայանների ենթակառուցվածքներին և խաթարվել է էլեկտրասնուցումը: Պարզվել է, որ ատոմակայանների պաշտպանողական շերտը նախատեսված է եղել 6 մետրանոց ալիքի համար այն դեպքում, երբ ցունամիի հետևանքով առաջացած ալիքը 10 մետրանոց էր, որը և հասցրել է այս լրջագույն վնասը: Դա նշանակում է, որ մեր ուշադրության կենտրոնում էլ պետք է լինի ոչ միայն զուտ ատոմակայանը, այլ նաև ենթակառուցվածքները, որոնք ապահովում են ատոմակայանի անխափան աշխատանքը: Մենք մեկ անգամ ևս լրացուցիչ քնարկման առարկա կդարձնենք այս խնդիրը` հրավիրելով նաև միջազգային փորձագետների, ստանալով նաև նրանց գնահատականները, թե ինչ ջանքեր պետք է գործադրենք բարձրացնելու նաև մեր ատոմակայանի անվտանգությունը:

Նիստի ավարտին ՀՀ վարչապետն ասել է.

- Ցանկանում եմ երկու տեղեկություն տալ ձեզ: Առաջինը՝ ծխախոտի ակցիզային հարկերի օրենքն է, որը մենք քննարկել ենք մեր ԵՄ գործընկերների հետ, փորձագետներ են աշխատել Հայաստանում, որպեսզի վերջնական եզրակացություն տային այդ օրենքի նախագծի վերաբերյալ: Մենք Բրյուսելում նույնպես քննարկեցինք այդ եզրակացությունը, որը դրական է և համապատասխանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: Դա նշանակում է, որ կառավարության այն արձանագրային որոշումը, որով մեկնաբանություն էր տրվում, թե ինչպես են գործում միջազգային պայմանագրերը ՀՀ-ում, մենք կարող ենք այսօր արձանագրային որոշմամբ չեղյալ հայտարարել, և օրենքն ամբողջությամբ և լիակատար կաշխատի: Եվ չափազանց կարևոր է, որ այդ հարցի շուրջ կա դրական եզրակացություն ոչ միայն ԵՄ փորձագետների, այլ նաև դրական կարծիք ներմուծողների , ինչպես նաև մեր տեղական արտադրողների կողմից:
Երկրորդ, ԵՄ մեր գործընկերների հետ մենք քննարկել ենք դրոշմապիտակների մասին մեր օրենդրական նախաձեռնությունը: Առաջարկությունը հետևյալն է. օրենքի այդ նախագիծը մենք ետ կանչենք Ազգային ժողովից և մեր ԵՄ գործընկերների հետ սկսենք լուծել շտրիխ կոդերով բոլոր ապրանքատեսակների հաշվառման միասնական համակարգ ներդնելու խնդիրը: Այդ համակարգն այսօր Եվրոպայում կիրառվում է, և դա նշանակում է, որ բոլոր ապրանքատեսակները կհաշվառվեն այդ միասնական համակարգով: Այդ առումով մենք տեխնիկական օժանդակություն կստանանք մեր եվրոպական գործընկերներից ևս: Կարծում եմ, որ տեխնիկական այդ օժանդակությունը կարող է էապես բարելավել մեր օրենսդրական կարողությունները, օրենքների մշակման կարողությունները: