Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Գյուղատնտեսության զարգացման նպատակով Հայաստանում ներդրվելու են կառավարման նոր մեխանիզմներ

հոկտեմբեր 14, 2011
Գյուղատնտեսության զարգացման նպատակով Հայաստանում ներդրվելու են կառավարման նոր մեխանիզմներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» երկօրյա համաժողովի բացմանը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ դրա անցկացումը կառավարությունը դիտում է որպես ագրարային ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված կարևորագույն քայլ:
Անդրադառնալով ագրարային ոլորտին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այստեղ առկա են նկատելի հիմնահարցեր և նույնքան նկատելի ձեռքբերումներ. «Անցած 20 տարիների ընթացքում մենք անցել ենք դժվարին ճանապարհ և ունենք բազմաթիվ հիմնախնդիրներ: Մենք պետք է միասնաբար բացահայտենք գյուղատնտեսության ոլորտում առկա ներուժը՝ այն մեր ժողովրդի կարիքների բավարարմանը ծառայեցնելու համար: Այս տեսակետից, Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում առկա էր կարևորագույն սկզբունք՝ ապահովել Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը: Հասկանալի է, որ այս նպատակին հնարավոր չի լինի հասնել, եթե մենք չարդիականացնենք մեր երկրի գյուղատնտեսությունը: Ժամանակակից աշխարհը տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտության զարգացմամբ՝ գյուղատնտեսության զարգացման համար ստեղծում է նոր և բացառիկ հնարավորություններ»:
Նշելով, որ մեր երկրում այսօր առկա է շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն և 430 հազար հեկտար մշակովի հող, վարչապետն ասել է, որ մեկ տնտեսությանը բաժին ընկնող հողատարածքների ծավալը բավականին փոքր է: «Մեր ծրագրերը մշակելիս մենք պետք է մտածենք, թե այս իրողության պայմաններում ինչպես պետք է կազմակերպենք արդյունավետ զարգացում գյուղատնտեսության համար: Այդ տեսակետից, կարևորում եմ կառավարության հաստատած գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը, որը քննարկվել է Հանրային խորհրդի, գյուղացիական տարբեր մասնագիտական միավորումների և գիտահետազոտական ինստիտուների հետ: Փորձել ենք այդ փաստաթղթում ներառել ժամանակակից գյուղատնտեսության կազմակերպման բոլոր սկզբունքները: Այն ներառում է ոչ միայն գյուղատնտեսության, այլև գյուղի զարգացումը»:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ժամանակակից աշխարհը թելադրում է, որպեսզի գյուղատնտեսության զարգացումը դիտարկվի գյուղի հիմնախնդիրներին զուգահեռ: «Այսինքն, մեր խնդիրն է գյուղացու կյանքը դարձնել հարմարավետ: Կառավարության առջև ծառացած խնդիրներից մեկն էլ գյուղը ժամանակակից ենթակառուցվածքներով ապահովելն է՝ ճանապարհների, խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցումը և այլն: Հասկանալի է, որ այս ենթակառուցվածքների ձևավորումը գյուղացու համար բացահայտելու է նոր հնարավորություններ և հեռանկարներ»:
Կարևորելով միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի կազմակերպումը՝ կառավարության ղեկավարն ասել է, որ շնորհիվ այդ ծրագրերի՝ գյուղացիներն ստանում են նոր գիտելիքներ, գյուղտեխնիկա և այլն: Վարչապետն ընդգծել է, որ 2012 թվականը նույնպես հռչակվելու է գյուղատնտեսության զարգացման տարի: Հանրապետության 55 համայնքներում Համաշխարհային բանկի օժանդակությամբ ներդրվելու են կառավարման նոր մեխանիզմներ և ձևավորվելու են կոոպերատիվներ: «Խթանվելու է կոոպերացիան, ինչը կբարձրացնի գյուղատնտեսության արդյունավետությունը տարեկան առնվազն 30 տոկոսով»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ պետությունը գյուղտեխնիկայի ձեռքբերումը համաֆինանսավորելու է 50 տոկոսով: Նրա տեղեկացմամբ՝ նմանատիպ միջոցառումներ իրականացվելու են նաև գյուղատնտեսության բոլոր բնագավառներում՝ սկսած սերմնաբուծությունից, ավարտած այգիների կառավարմամբ:
Վարչապետը հույս է հայտնել, որ «Ագրոֆորումի» անցկացումը ևս կնպաստի մեր երկրում գյուղատնտեսության զարգացմանը:
Համաժողովի շրջանակում կքննարկվեն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, առկա խնդիրներն ու իրականացվող ծրագրերը: Համաժողովը հնարավորություն է ընձեռում հայաստանյան և սփյուռքահայ, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած օտարերկրյա գործարարներին ներկայացնելու իրենց արտադրատեսակներն ու մատուցվող ծառայությունները, հաստատելու փոխշահավետ համագործակցություն, ծանոթանալու գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում առկա ներդրումային հնարավորություններին և գյուղատնտեսության զարգացման միջազգային առաջադեմ փորձին: Համաժողովի նպատակն է ագրոպարենային բնագավառի գործարարների և ֆերմերների համահայկական ընկերակցության ստեղծումը:
Հայաստանում առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության աշխատողի օր», որն այս տարի համընկնում է համաժողովի անցկացման հետ։ Այս կապակցությամբ մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում անցկացվելու են տարբեր միջոցառումներ՝ տոնավաճառներ, ցուցահանդեսներ և այլն: