Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարության ջանքերը զբոսաշրջության զարգացման գործում դրական արդյունք են տալիս

մարտ 04, 2011
Կառավարության ջանքերը զբոսաշրջության զարգացման գործում դրական արդյունք են տալիս

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել www.armhotels.am առաջին ազգային առցանց ամրագրման համակարգի շնորհանդեսին: 2009թ. սեպտեմբերին այս համակարգի ստեղծման բիզնես ծրագիրը` ներկայացված «Ռումեա» ընկերության կողմից, հավանության էր արժանացել ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցման օպերատիվ շտաբի կողմից: Այդ նպատակով ընկերությանը տրամադրվել էին 25 մլն ՀՀ դրամին համարժեք վարկային միջոցներ:
Շնորհավորելով ներկաներին նոր առցանց համակարգի ներդրման առթիվ` վարչապետ Սարգսյանը նշել է. «Այս հաջող ձեռնարկի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացումը խթանելն է, ինչը կառավարության գերակայություններից մեկն է: Այն ավելացնում է մեր երկրի` ծառայությունների արտահանման ներուժը և կարողությունները: Կառավարության ջանքերը զբոսաշրջության զարգացման գործում տալիս են իրենց դրական պտուղները: Դրա մասին են վկայում ցուցանիշները. 2009թ.` ճգնաժամային տարվա ընթացքում, երբ ունեցանք աննախադեպ տնտեսական անկում, զբոսաշրջության ոլորտում գրանցեցինք շուրջ 4 տոկոսանոց աճ, և դա այն պարագայում, երբ 2009թ. համաշխարհային զբոսաշրջության ցուցանիշները նվազեցին: 2010թ. աճն ավելի շոշափելի էր` շուրջ 17 տոկոս: Մենք լիահույս ենք, որ 2011թ. զբոսաշրջության աճը շարունակվելու է: Այն պետք է դառնա բազմաբովանդակ, և դրա կարողությունները Հայաստանում կան` կրոնական, առողջապահական, սպորտային, հանգստի զբոսաշրջություն: Ներդրումները, որ այսօր կատարվում են տուրիզմի զարգացման ոլորտում, այդ բազմաբովանդակությունն ապահովելու են: www.armhotels.am առցանց ամրագրման համակարգը լավագույն ներդրումներից մեկն է զբոսաշրջության զարգացման բնագավառում: Այս ժամանակակից ծրագիրը բազմաթիվ պատուհաններ է բացում աշխարհի տարբեր երկրներում Հայաստանը ներկայացնելու համար և հնարավորություն ստեղծում օնլայն ռեժիմով օգտվել ծառայություններից: Այն քննարկվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբում, արժանացել հավանության, և պետությունը երաշխիք է տրամադրել «Արմսվիսբանկին», որպեսզի նաև արձանագրի պետության վստահությունը և պետության կողմից տուրիզմի զարգացման կարևորումը»:
Կառավարության ղեկավարն անձամբ փորձարկել է www.armhotels.am առաջին առցանց ամրագրման համակարգի գործառնության մեխանիզմը:
www.armhotels.am համակարգում, որի ծրագիրը մշակվել է «Թի Բի ԷՍ» ՓԲԸ-ի կողմից, ներառված են շուրջ 106 հյուրանոցներ: Տարածաշրջանում և ԱՊՀ-ի տարածքում եզակի այս համակարգի նպատակն է ընդլայնել և ավելացնել առաջարկվող ծառայությունների իրացման ծավալներն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային զբոսաշրջային շուկաներում: Իր տեսակի մեջ առաջինը լինելով հայկական զբոսաշրջային շուկայում` այն հնարավորություն կընձեռի զբոսաշրջային տարատեսակ ծառայությունները հասանելի դարձնել բոլոր զբոսաշրջիկներին: