Կառավարությունը տնտեսվարողներին օգոստոսին ևս արտահանման աջակցություն կտրամադրի
սեպտեմբեր 24, 2026
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցության օգոստոս ամսին առաջացած պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ցուցաբերելու նպատակով ընդունվել են N 1 և N 2 միջոցառումները։
N 1 միջոցառման շրջանակում ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված տվյալների համաձայն օգոստոս ամսվա ընթացքում արտահանվել է շուրջ 124 տոննա ելակ, 2481 տոննա լոլիկ, 460 տոննա չերրի տեսակի լոլիկ, 1580 տոննա պղպեղ, 624 տոննա պալերմո տեսակի պղպեղ, 3.1766 մլն հատ ծաղիկ, որից՝ 0.8356 մլն հատը ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա։ ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջարկը գնահատվում է 2,065,069.2 հազար դրամ։
N 2 միջոցառման շրջանակում ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ օգոստոս ամսվա ընթացքում ծիրան չի արտահանվել, սակայն ոչ ֆինանսական ցուցանիշ է սահմանվել 10 տոննա։ Օգոստոսին արտահանվել է շուրջ 390 տոննա խնձոր, 322 տոննա սալոր, 159 տոննա կեռաս, 2203 տոննա դեղձ և նեկտարին, 120 տոննա խաղող, 94 տոննա թուզ, ազնվամորի, մոշ և հոն։ ՊԵԿ-ի կողմից տրամադրված տվյալների համաձայն օգոստոս ամսվա ընթացքում արտահանվել է 45 տոննա տոմատի մածուկ Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, ԱՄՆ կամ Կանադա, 154 հազար լիտր շշալցված խաղողի գինի, 359 հազար լիտր շշալցված պտղահատապտղային գինի, 1004 հազար լիտր շշալցված հայկական բրենդի կամ հայկական կոնյակ, 300 հազար լիտր շշալցված բնական հանքային ջուր և այլն։ ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման աջակցության միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջարկը գնահատվում է շուրջ 1,796,045․0 հազար դրամ, իսկ վերամշակման նպատակով Սյունիքի մարզից թզի և ՀՀ տարածքից դեղձի մթերման գործընթացի շրջանակում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման միջոցառման համար՝ 660,125.0 հազար դրամ։
Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետն ընդգծել է աջակցության տրամադրման արդյունավետության բարձրացման նպատակով որոշ հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությունը. «Մենք պետք է այսօրվանից սկսենք մտածել բիզնեսին ինստիտուցիոնալ, ոչ թե պահային օժանդակություն տրամադրելու մասին, որպեսզի աջակցության ծրագրերը լինեն ավելի թիրախային։ Խոսքը ոչ թե խնայողությունների, այլ ճիշտ թիրախներ կառուցելու մասին է, որպեսզի ոչ թե մեխանիկական՝ սուբսիդիայի հաշվին ոչ մրցունակ արտադրանք արտադրվի և արտահանվի, այլ՝ մենք ունենանք այնպիսի արտադրանք, որ ոչ մեկը սահմանափակում չդնի»։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ այդպես էլ նախատեսված է՝ պետք է գնալ ավելի երկարաժամկետ ու ռազմավարական լուծումների։
Հաստատվել է 2026 թ. պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը
Գործադիրը հաստատել է 2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է տնտեսության տարբեր ոլորտներում գործող ստանդարտների արդիականացման, միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակման, ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի Հանրապետության մասնակցության, ինչպես նաև ստանդարտների ազգային ֆոնդի արդիականացման և տեղեկատվական սպասարկման ապահովման անհրաժեշտությունից։ Ըստ հիմնավորման՝ ստանդարտացման ոլորտում պետական աջակցության շրջանակում իրականացվում են ազգային ստանդարտների մշակման և վերանայման, միջազգային, եվրոպական, միջպետական և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների, ինչպես նաև ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։ 2026 թ. պետական ստանդարտացման ծրագրով նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ՝ կառավարման համակարգերի, շրջակա միջավայրի և երկրատարածական տվյալների ոլորտներում, ինչպես նաև իրականացնել միջազգային և միջպետական ստանդարտացման աշխատանքներ և ստանդարտների ազգային ֆոնդի վարման ու տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։ Մասնավորապես՝ կառավարման համակարգերի ոլորտում նախատեսվում է մշակել սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև արտադրանքի, գործընթացների և ծառայությունների գնահատման ու սերտիֆիկացմանը վերաբերող ազգային ստանդարտներ։ Շրջակա միջավայրի ոլորտում նախատեսվում է մշակել ջրում պերֆտորալկիլային և պոլիֆտորալկիլային նյութերի (PFAS) որոշման մեթոդը սահմանող ազգային ստանդարտ և այլն։ Ստանդարտների ազգային ֆոնդի մասով նախատեսվում է իրականացնել դրա համալրման, հաշվառման, վարման և արդիականացման, ընդունված ազգային ստանդարտների գրանցման, գործող ստանդարտների ամբողջ տեքստերի էլեկտրոնային տվյալների բազայի ստեղծման և պահպանման, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման մարմիններին, կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։ Աշխատանքների իրականացումը կնպաստի ՀՀ ստանդարտացման համակարգի արդիականացմանը, տեղական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, միջազգային և տարածաշրջանային շուկաների հետ ինտեգրման գործընթացների ապահովմանը, առևտրում տեխնիկական խոչընդոտների նվազեցմանը և սպառողների առողջության ու անվտանգության պաշտպանության մակարդակի բարձրացմանը։
Առողջության համընդհանուր ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացի՝ ապահովագրված անձանց շուրջ 50 տոկոսը
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներին։ Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը, առաջարկվում է որոշման մեջ և այդ հիմքով կարգավիճակի դադարեցման ձևակերպումը հանել վերնագրից և կից հավելվածից: «Որոշումը վերաբերում է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձի կարգավիճակի ապահովագրավճար վճարողի, չվճարողի կարգավիճակների վերաբերյալ ծանուցումների ներկայացման կարգին: Քանի որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում անձի կարգավիճակի դադարեցման հիմքը, ապահովագրավճար վճարողի կարգավիճակով պայմանավորված, արդեն հանվել է, և օրենսդրական փոփոխությունն իրականացվել է սույն թվականի ապրիլի 7-ի օրենքով, հետևաբար Կառավարության որոշման մեջ դրա վերաբերյալ ծանուցման դրույթն էլ առաջարկում ենք հանել»,- ասել է փոխնախարարը։
Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրությանը, հետաքրքրվել է գործընթացի մանրամասներով։
Սամվել Խարազյանը տեղեկացրել է, որ 1 միլիոն 815 հազար անձ ունենք ապահովագրված այս պահի դրությամբ: «Մեր ապահովագրված անձանց շուրջ 50 տոկոսը կամ մոտ 850 հազար քաղաքացի արդեն իսկ ստացել է այս կամ այն ծառայությունն առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կատարել է համապատասխան փոխհատուցում այն բժշկական կազմակերպություններին կամ դեղատներին, որտեղ տվյալ անձինք ստացել են համապատասխան ծառայություն կամ դեղորայք: Ընդհանուր առմամբ, մեր բժշկական կազմակերպությունների և դեղատների կողմից փոխհատուցման ներկայացված կատարողականը 150 մլրդ-ից ավելի է կազմում այս պահի դրությամբ, որն ամբողջությամբ, ներառյալ նաև օգոստոս ամսվա ներկայացված կատարողականները, ամբողջությամբ փոխհատուցվել են»,- նշել է փոխնախարարը:
Փոխվարչապետը հետաքրքրվել է՝ դա սա նշանակում է, որ տարեվերջին կլինի մարման ենթակա մոտավորապես մինչև 200 մլրդ հաշիվներ։ «Միգուցե մի փոքր ավելի՝ սեզոնայնությամբ պայմանավորված։ Սովորաբար մեր դիտարկումներն ու տարիների վիճակագրությունը ցույց են տալիս, որ աշնան շրջանում, քրոնիկ հիվանդությունների սրացումներով և այդ բարդությունների առաջացմամբ, կարող է այդ թիվն ավելանալ, բայց դա կառավարման շրջանակներում է։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ ապահովագրության հիմնադրամի բյուջեի շրջանակներում ծախսերը կառավարելի են»,- տեղեկացրել է առողջապահության փոխնախարարը:
Այդ համատեքստում Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ռեզիդենտների թվին: «Հիմա, երբ մեկնարկել է ապահովագրության գործընթացը, բնականաբար, մարդիկ կամավոր սկսել են իրենց իդենտիֆիկացնել որպես ռեզիդենտ, որպեսզի դառնան շահառու: Մենք պետք է վերջնականապես էլեկտրոնային տվյալների շտեմարանը կարգի բերենք, որպեսզի ռեզիդենտության հարցը լուծենք ավտոմատ, և մեր քաղաքացի շահառուն՝ ծառայություն ստացողը, նույնիսկ դա չզգա»,-ընդգծել է Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ ամենաճիշտ կետն ապահովագրության համակարգի շահառուների ճշգրտումն է։
Քննարկվող թեմայի առնչությամբ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ ԱԱԾ-ի գործընկերների հետ, հաշվի առնելով նաև սահմանների համալիր կառավարման մասով իրենց պարտավորությունը վիզաների հետ կապված, աշխատում են այդ ուղղությամբ: «Այս պահին խոսում ենք առողջության համընդհանուր ապահովագրության կամ սոցիալական ծառայությունների մասին, բայց հիշենք, որ ընտրական գործընթացի դեպքում ևս նախատեսել ենք ռեզիդենտության բաղադրիչը: Այս պահին աշխատում ենք գործընկերների հետ նաև ընտրացուցակների մասով աշխատանքների ուղղությամբ։ Առաջիկայում Կառավարություն կներկայացնենք նաև քաղաքացիության օրենքում փոփոխությունների փաթեթը, որտեղ ևս քաղաքացիության շնորհման գործընթացում ռեզիդենտության բաղադրիչը կարևոր կլինի: Այսինքն՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներում ռեզիդենտության բաղադրիչը գնալով ավելի հիմնարար նշանակություն է ունենում: Այստեղ պարզապես այլընտրանք չկա, պետք է կարողանանք մեր ունեցած բազաներն ադապտացնել այս իրավիճակին»։
Մհեր Գրիգորյանը կարևորել է հունվարի 1-ից զտած բազայով աշխատանքներն իրականացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի
Գործադիրը հաստատել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիրի կառուցման և հետագա պահպանման համար Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ ծրագիրը։ Այն միտված է հասանելի, արդիական և մրցունակ կրթական համակարգի ստեղծմանը: Ծրագրի արդյունավետ իրականացումը կարող է խթան հանդիսանալ մասնավոր հատվածի հետ կրթության ոլորտում նոր ծրագրերի, մասնավորապես՝ նոր կրթական կառույցների ձևավորման և դրանց շահագործման արդյունավետ իրականացման համար։ Ընկերակցությունն առաջարկվել է Վարդենիսում կառուցել կրթահամալիր, որն իր մեջ կներառի 300 տեղ հզորությամբ դպրոց, 150 տեղ հզորությամբ նախադպրոցական հաստատություն և 60 տեղ հզորությամբ երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոն: Հաշվի առնելով համայնքում դպրոցահասակ երեխաների թվաքանակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկել է, որ կրթահամալիրի դպրոցի մասնաշենքը կառուցվի 700 տեղ հզորությամբ՝ միաժամանակ ստանձնելով առաջացող գումարային տարբերության ֆինանսավորումը՝ որոշակի վերապահումներով: Այպիսով, Կառավարությունը, ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ընկերակցության հետ կկնքի նվիրաբերության պայմանագիր և կնվիրաբերի ընկերակցությանը լրացուցիչ 400 աշակերտի համար համապատասխան շենքային ենթակառուցվածքների ստեղծման և հետագա պահպանման համար անհրաժեշտ գումարը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Ինչպես Կրթության զարգացման պետական ծրագրով, այնպես էլ Կառավարության նոր ծրագրով առանձնահատուկ շեշտադրված է կրթության ոլորտում մասնավորի հետ աշխատանքների խրախուսումը և տարբեր ձևաչափերով մասնավորի ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը»։
Ըստ նախարարի՝ ընդունված որոշումն այս քաղաքականության շրջանակում է։ «2029 թվականի սեպտեմբերին Վարդենիսում թե՛ դպրոցականները, թե՛ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն կունենան հաճախելու ամբողջությամբ հագեցած, ժամանակակից պայմաններով կրթահամալիր, որտեղ կիրականացվի բարձրորակ կրթություն»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Կգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերից
Կառավարությունը հաստատել է որդեգրման և որդեգրման վերահսկողության իրականացման կարգերը։ Ըստ այդմ՝ ակնկալվում է ունենալ մեկ իրավական ակտ, որը կկարգավորի որդեգրմանը և որդեգրման վերահսկողության իրականացմանը վերաբերող գրեթե բոլոր հարաբերությունները, և որը կհամապատասխանի ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխություններին և լրացումներին: Արդյունքում, ՀՀ-ում որդեգրումը կկազմակերպվի միջազգային չափորոշիչներին համապատասխան, կբխի երեխայի լավագույն շահերից, այլ ոչ թե կլինի երեխային ընտրելու՝ որդեգրել ցանկացող անձանց բացարձակ մենաշնորհը և կիրականացվի համադրման հիման վրա: Արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել միատեսակ եզրույթների կիրառում և ապահովել ՀՀ ընտանեկան օրենսգրքի հետ համահունչությունը:
Գումար կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Կառավարության որոշմամբ 600 միլիոն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղու, անհրաժեշտ ենթակառուցվածքների, ինչպես նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղու վերակառուցման/վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման շրջանակներում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները։
Այլ որոշումներ. կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը
Գործադիրն ընդունել է «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ ներմուծվող M2 և M3 կատեգորիաների անվավոր տրանսպորտային միջոցները շրջանառության մեջ դնելու մասին» որոշում։ Ըստ այդմ՝ իրավական հիմք կստեղծվի մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը որոշմամբ սահմանված պայմաններին համապատասխանող համապատասխան կատեգորիաների տրանսպորտային միջոցները ՀՀ տարածքում շրջանառության մեջ դնելու համար։ Միաժամանակ կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը պետական հաշվառման շրջանակներում և այդ տեղեկատվության հասանելիությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին։
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի (Տ. Պետրոսյան փ. - Սասնա Ծռեր փ. շրջանաձև երթևեկությունից մինչև Տ. Պետրոսյան փ. - «Գրին Վիլ» բնակելի համալիր և Տ. Պետրոսյան փ. շրջանաձև երթևեկությունից մինչև Տ. Պետրոսյան փ. - Եղվարդի խճուղի շրջանաձև երթևեկություն) 51,175 քմ ընդհանուր մակերեսով ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման և ֆինանսավորման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ Տիգրան Պետրոսյան փողոցի նշված հատվածում առկա են մեծ ծավալի փոսեր, ցանցային ճաքեր և նստվածքներ, փողոցում հիմնանորոգման կամ միջին նորոգման աշխատանքներ վերջին անգամ իրականացվել են 15 և ավելի տարիներ առաջ: