Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում քննարկվել են խոշոր հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված քայլերը

սեպտեմբեր 05, 2017
Կառավարությունում քննարկվել են խոշոր հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված քայլերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայոց ձորի մարզի Արտավան համայնքին հարակից տարածքում և Երևանի «Նաիրիտ» գործարանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքների վերացման, հնարավոր հրդեհների կանխարգելմանը միտված միջոցառումների իրականացման, տարածքների պատշաճ վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր:
Կարեն Կարապետյանը կարևորել է նման աղետների կանխարգելման ուղղությամբ գերատեսչությունների համակարգված գործունեությունն ու հստակ քաղաքականության իրականացումը և նշել, որ անհրաժեշտ է մշակել անտառների, հրդեհավտանգ տարածքների պատշաճ վերահսկողության համապատասխան մեխանիզմներ: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների մասնագետների ներգրավմամբ ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի առկա իրավիճակն ու կներկայացնի խնդրի լուծման անհրաժեշտ առաջարկություններ: Կառավարության ղեկավարի խոսքով, իրավիճակը վերահսկողության տակ պահելու և հնարավոր մարտահրավերներին պատշաճ արձագանքելու նպատակով յուրաքանչյուր գերատեսչություն պետք է առավելագույնս պատրաստ լինի՝ հստակ իմանալով իր անելիքները:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ քննարկվել են հրդեհների առաջացման հնարավոր պատճառները, և մարդկային ու կլիմակայական գործոնները բացառելու նպատակով կարևորվել է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքների պահպանությունն ուժեղացնելու նպատակով ԱԻ նախարարն առաջնահերթ է համարել մուտքի և ելքի ճանապարհների ու արահետների կահավորումը տեսախցիկներով՝ հրդեհի առաջացման մոնիթորինգը կազմակերպելու նպատակով: Նախարարի խոսքով, արգելոցում հրդեհի առաջացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել շոգ կլիման, ինչի հետևանքով խոտածածկ տարածքն իսպառ խոնազրկվել է: Նման պայմաններում հողի խոնավությունն ապահովելու նպատակով Դավիթ Տոնոյանն առաջարկել է շահագրգիռ գերատեսչությունների համապատասխան մասնագետների ներգրավմամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը բնական պայմանների առանձնահատկություններից ելնելով կուսումնասիրի արգելոցների տարածքում հիդրոհամակարգերի ստեղծման հնարավորությունները, կմշակի համապատասխան միջոցառումներ՝ անտառների և պահպանվող հատուկ տարածքների հրդեհային անվտանգությունը բարձրացնելու նպատակով:
ԱԻ նախարարը զեկուցել է նաև, որ ուսումնասիրվել են «Նաիրիտ» գործարանում վթարի առաջացման հնարավոր պատճառները, վեր են հանվել առկա խնդիրները: Դավիթ Տոնոյանն ընդգծել է գործարանում ռեզերվների հովացման համակարգի բացակայությունը և կարևորել «Նաիրիտ»-ի տարածքում նախկինից մնացած թունաքիմիկատների հավաքումն ու պահեստավորումը, հանրապետությունում առկա հնարավորությունների օգտագործմամբ դրանց ոչնչացումը: Խնդիրը բազմակողմանի և ամբողջական լուծելու համար ԱԻ նախարարը հանդիպումներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համալիր ուսումնասիրություններ կատարելու և դրանցում միջազգային փորձագետներ ներգրավելու նպատակով: Նախարարն առաջարկել է ուսումնասիրությունների և դրանց արդյունքների հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների՝ Էներգետիկայի և բնական պաշարների, Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Նաիրիտ» գործարանի մասնագետների ներգրավմամբ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
Հրդեհների հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների, դրանց վերացման և լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին զեկուցել է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Վարչապետ Կարապետյանն ընդհանուր առմամբ հավանություն է տվել ներկայացված առաջարկություններին և համապատասխան գերատեսչություններին տվել կոնկրետ հանձնարարականներ, այդ թվում՝ Հանրապետությունում հրդեհների բռնկման ռիսկերը նվազագույնի հասցնելու, անտառների կառավարման քաղաքականությունը հստակեցնելու վերաբերյալ: