Կառավարությունում քննարկվել են հակակարկտային պաշտպանության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր
ապրիլ 29, 2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ համակարգի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Ներկայացնելով այդ նպատակով կատարված հետազոտության արդյունքները՝ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջարկվում է ստեղծել հակակարկտային փոխլրացնող համակարգ՝ ներկայիս գազագեներատորային եղանակին զուգահեռ ներդնել նաև առավել բարձր արդյունավետություն ապահովող հրթիռային և ցանցային պաշտպանություն: Հետազոտության արդյունքներով ստեղծվել է ռադիոլոկացիոն կայանների և հրթիռային կայանքների տեղակայման քարտեզ, կատարվել է ծախսերի գնահատում: Դավիթ Տոնոյանն առաջարկել է որպես առաջին փուլ սկսել հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագիր Արագածոտնի և Լոռու մարզերում, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել ռադիոլոկացիոն կայանների արդիականացման աշխատանքներ:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ընթացք տալ պիլոտային ծրագրին՝ միևնույն ժամանակ ուսումնասիրություն իրականացնելով ցանցային պաշտպանության համակարգի արդյունավետության և ծախսատարության վերաբերյալ: