Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կփոխհատուցվի պետական բուհերի 780 ուսանողների ուսման վարձը

մարտ 11, 2014
Կփոխհատուցվի պետական բուհերի 780 ուսանողների ուսման վարձը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի բժշկական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի հանձնման արարողությունը: Ընդհանուր առմամբ, մրցույթի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է ստացել 780 ուսանող: Նրանցից մի քանիսին կրթաթոշակի հավաստագիրը հանձնել է անձամբ վարչապետը:
Շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակներ ստանալու կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ամեն անգամ ձեզ հանդիպելիս մի փոքր հուզվում եմ, որովհետև հիշում եմ իմ ուսանողական տարիները: Իհարկե, այսպիսի մթնոլորտը լիցքավորվելու և նոր էներգիայով լցվելու բացառիկ հնարավորություն է: Մենք ինչ էլ անենք ձեզ համար՝ միևնույն է քիչ է, դուք արժանի եք ավելիին: Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ դուք ձեզ երջանիկ զգաք մեր հայրենիքում և ձեր ապագան կապեք հայրենիքի հետ»:
Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, քանի որ այն նաև ուսանողության ինքնակազմակերպման լավ ձև է: Վարչապետը հիշեցրել է, որ հենց ուսանողներն են սահմանում կրթաթոշակ ստանալու չափորոշիչները, ընտրում, թե ում պետք է հանձնվի կրթաթոշակ, վերահսկում, որպեսզի այդ գործընթացը լինի թափանցիկ:
Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանն այս տարիների ընթացքում կրթաթոշակ ստացած շուրջ 3000 ուսանողների անունից շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին՝ ծրագրին աջակցելու և այն շարունակական դարձնելու համար:
Կրթաթոշակի մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար: Մրցույթի անցկացման համար ՀՀ կառավարությունը Երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 մլն դրամ:
Այս տարի, ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 1500 ուսանող: Դիմել են Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում մարզերում գործող և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից: Ուսանողներին ընտրելիս հաշվի են առնվել սահմանված հստակ չափորոշիչները, մասնավորապես, ուսանողի առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը, հասարակական ակտիվությունը և այլն: