Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄՅՈՒՆԻԿԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

դեկտեմբեր 05, 2000

ՉԺՀ Պետական խորհրդի նախագահ Ձու Ժոնգծիի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանն աշխատանքային այցով 2000թ. դեկտեմբերի 4-8-ը գտնվում է ՉԺՀ-ում:

ՉԺՀ նախագահ Ձյան Ձեմինը հանդիպում ունեցավ վարչապետ Մարգարյանի հետ: Բանակցություններ են տեղի ունեցել Պետխորհրդի նախագահ Ձու Ժոնգծիի և վարչապետ Մարգարյանի միջև: Երկու երկրների ղեկավարները անկեղծ բարեկամության, փոխադարձ հարգանքի և գործնական մթնոլորտում մտքերի համապարփակ փոխանակում կատարեցին, ինչպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, գոհունակությամբ արձանագրեցին այցի արդյունքները և վստահություն հայտնեցին, որ նշված այցը կխթանի հայ-չինական բարեկամության և համագործակցության հարաբերությունների հետագա զարգացումը: Երկու կողմերը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: Բացի Պեկինից վարչապետ Մարգարյանը և նրան ուղեկցող անձինք կայցելեն նաև Շանհայ:

1. Կողմերը գտնում են, որ ժամանակակից աշխարհում տեղի են ունենում բազմազանության և տնտեսական գլոբալիզացիայի միտումները բնութագրող փոփոխություններ, ինչի արդյունքում աճում է աշխարհի տարբեր երկրների շահերի փոխկախվածությունը: Կողմերը հաստատում են, որ բոլոր երկրները՝ թե մեծ թե փոքր, թե ուժեղ թե թույլ, հարուստ թե աղքատ, իրավունք ունեն տնօրինելու իրենց ճակատագիրը և օգտվում են միջազգային հիմնահարցերի քննարկման և կարգավորման գործընթացների մասնակցության հավասար իրավունքներից:

2. Կողմերը արձանագրում են, որ համաշխարհային քաղաքականության բազմաբևեռացումը համապատասխանում է ժամանակաշրջանի պահանջներին և համահունչ է զարգացման ընթացքին: Այն նպաստում է նոր, արդար և ռացիոնալ միջազգային քաղաքական և տնտեսական կարգի հաստատմանը, աշխարհում խաղաղության և կայունության պահպանմանը: Այն համապատասխանում է նաև միջազգային համայնքի ճնշող մեծամասնությունը կազմող երկրների և նրանց ժողովուրդների սպասումներին:

3. Կողմերը նշում են, որ շատ կարևոր է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը: Կողմերը պատրաստ են ամրապնդելու իրար միջև, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը, ջանքեր ներդնելու ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների և միջազգային հարաբերությունների այլ համընդանուր ճանաչում ստացած նորմերի հիման վրա նոր, արդար և ռացիոնալ միջազգային քաղաքական և տնտեսական կարգի ձևավորմանը:

4. Կողմերը բարձր են գնահատում 1992թ. ապրիլի 6-ին ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր քաղաքականության, առևտրի և տնտեսության, գիտության և տեխնիկայի, մշակույթի և այլ ոլորտներում համատեղ ջանքերի շնորհիվ ձեռքբերված հաջողությունները:

5. Կողմերը միասնական են նրանում, որ երկու երկրների ժողովուրդների արմատական շահերին համապաստասխանում են բարեկամության և համագործակցության հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը՝ Հայաստանի Հանրապետության և Չինական Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների հիմունքների վերաբերյալ Համատեղ կոմյունիկեում հաստատված երկկողմ հարաբերությունների զարգացման սկզբունքների հիման վրա:

6. Կողմերը այսուհետ ևս կպահպանեն բարձր մակարդակի իրենց շփումները, կպահպանեն տարբեր մակարդակներում կապերը և փոխանակումները, էլ ավելի կընդլայնեն բոլոր ոլորտներում բարեկամության և համագործակցության հարաբերությունները, կհարստացնեն դրանց բովանդակությունը և նոր դարում նշված հարաբերությունները նոր մակարդակի կհասցնեն:

7. Կողմերը համակարծիք են, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները բավականին բարենպաստ են: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագայում նույնպես ընդլայնել առևտրատնտեսական համագործակցությունը՝ հավասարության և փոխշահավետության հիման վրա, աջակցել և քաջալերել իրենց համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին, ձեռնարկություններին և տարածաշրջաններին՝ հաստատելու անմիջական շփումներ և համագործակցություն և ողջ ծավալով զարգացնել հայ-չինական համատեղ առևտրատնտեսական հանձնաժողովի դերը առևտրատնտեսական համագործակցությունում:

8. Կողմերը այսուհետ ևս կամրապնդեն շփումները և համագործակցությունը երկու երկրների միջև գիտության և տեխնիկայի, մշակույթի, կրթության, առողջապահության, տեղեկատվության, սպորտի և այլ ոլորտներում, այդ նպատակով երկու երկրների կառավարությունները կստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները:

9. Հայաստանը կրկին հայտարարում է, որ պահպանում է «մեկ Չինաստանի» իր սկզբունքային դիրքորոշումը, ճանաչելով, որ Չինական Ժողովրդական Հանրապետության կառավարությունը հանդիսանում է Չինաստանի միակ օրինական կառավարությունը, իսկ Թայվանը՝ Չինաստանի անքակտելի մասը: Հայաստանը հաստատում է, որ ոչ մի տեսակի պաշտոնական հարաբերություններ չի հաստատելու Թայվանի հետ:

Չինաստանը աջակցում է Հայաստանի ազգային անկախության ամրապնդման և տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկած ջանքերին և հույս ունի Հայաստանում տեսնել քաղաքական կայունություն և տնտեսական զարգացում:

Հայաստանը կրկին հայտարարում է, որ պատրաստ է խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Չինական կողմը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև անմիջական հանդիպումները և միջազգային հանրության ներկա ջանքերը հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ և հույս հայտնում, որ առկա բանակցային գործընթացի շրջանակներում որքան հնարավոր է շուտ կգտնվի նշված հակամարտության արդար և ռացիոնալ լուծումը՝ համաձայն միջազգային ասպարեզում համընդանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին:

10. Կողմերը հայտարարում են, որ Չինական Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամության և համագործակցության հարաբերությունների պահպանումն ու զարգացումը ուղղված չէ երրորդ պետության դեմ, ինչպես նաև չի վնասի երրորդ պետության շահերին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չինական կողմին իր երախտագիտությունը հայտնեց ջերմ և բարեկամական ընդունելության համար և հրավիրեց Չինական Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Ձու Ժոնգծիին այցելել Հայաստան՝ երկու կողմերի համար հարմար ժամկետում: Վարչապետ Ձու Ժոնգծիին երախտագիտությամբ ընդունեց հրավերը:

Պեկին, 5 դեկտեմբերի, 2000թ.