Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

մարտ 04, 2008

Սիրելի հայրենակիցներ,

Անցած նախագահական ընտրություններին հաջորդած անցանկալի զարգացումները լուրջ ներքաղաքական լարվածություն առաջացրեցին երկրում: Լևոն Տեր-Պետրոսյանի և իր մի խումբ արկածախնդիր համախոհների անպատասխանատու և անխոհեմ գործունեության հետևանքով կազմակերպված զանգվածային անկարգությունները հանգեցրին ՀՀ Նախագահի կողմից հրապարակված և Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած որոշմանը Երևանում արտակարգ դրություն հաստատելու մասին:

Այդ իրադարձությունները ծանր հարված էին մեր պետականությանն ու մեր ժողովրդին: Անդառնալի կորուստները ծառայողական պարտքը կատարող ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների շարքերից, ավելի քան հարյուր վիրավորները, բարբարոսությունը, վայրագությունն ու թալանը ծանր բարոյահոգեբանական ցնցում պատճառեցին մեր ժողովրդին: Մենք ցավակցում ենք կույր ատելության զոհ դարձած մեր հայրենակիցների ընտանիքներին ու հարազատներին, մեր վշտակցությունն ենք հայտնում նրանց և մեր վճռականությունը` ամեն ինչ անելու, որ մեր երկրում այլևս այդպիսի դեպքեր չկրկնվեն: Նման եր—ույթների մերժումը կարող է անկեղծ լինել ու կրկնությունը կարող է կանխվել միայն մեկ դեպքում` եթե անաչառ ու ճիշտ քաղաքական, իրավական և բարոյական գնահատականներ են տրվում կատարվածին: Հետևաբար մենք պարտավոր ենք, զսպելով ցավը, ցասումն ու կսկիծը, գնահատել կատարվածը:

Դժբախտաբար, մենք չկարողացանք կանխել այն, ինչը հետևողականորեն, մեթոդաբար և դաժանորեն նախապատրաստվում էր Լև Տեր-Պետրոսյանի ու իր մի խումբ համախոհների կողմից, ովքեր տևական ժամանակ մարդկանց մեջ ներարկում էին կեղծիք, շանտաժ, այլատյացություն, անհանդուրժողականություն, չարություն ու ապօրինություն: Քաղաքական մրցակիցներին դավաճանի պիտակ կպցնելը, զազրելի հայհոյախոսությամբ անպատվելը, իր կոչերին չարձագանքող քաղաքացիներին տականք համարելը, ապօրինի հանրահավաքներ և երթեր անցկացնելը, Ազատության հրապարակում ապօրինի զենք, զինամթերք, հոգեմետ նյութեր, մահակներ ու երկաթյա ձողեր կուտակելը խոսում է վաղօրոք նախապատրաստված և կազմակերպված գործունեության մասին: Սուտ, կեղծիք ու ատելություն սերմանելը որև է առնչություն չի կարող ունենալ քաղաքական գործընթացների հետ: Դա կարող է հանգեցնել միայն նրան, ինչը տեղի ունեցավ մարտի 1-2-ին: Ընտրությունները առիթ դարձան Լևոն Տեր-Պետրոսյանի ու իր մի խումբ համախոհների համար` սեփական ժողովրդի ու պետության նկատմամբ 10 տարի շարունակ կուտակած կույր ատելությունը, վրեժն ու չարությունը բացառիկ ցինիզմով դրսևորելու համար: Կատարված վանդալիզմի ու ողբերգության ողջ պատասխանատվությունը կրում են Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր մի խումբ համախոհներ, որոնք ոչ միայն մերժում էին շարունակաբար հնչող հորդորները` հրաժարվելու քաղաքական շանտաժի, ատելության ու չարության քարոզից, քաղաքական խնդիրները քաղաքական ու իրավական միջոցներով լուծելու և երկխոսության առաջարկներից, այլև դժվարին պահին չկարողացան հաղթահարել սին և եսակենտրոն մղումները` հրաժարվելով անգամ Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից:

Սիրելի հայրենակիցներ,

Մեծ է վիշտն ու ցավը, կորուստների կսկիծն ու կատարվածի պատճառած հոգեկան վերքը: Այդուհանդերձ, վերականգնելու համար մեր ժողովրդի հոգեկան անդորրը, երկրի կայունությունն ու բնականոն ընթացքը, մենք պարտավոր ենք մեր մեջ կամք և ուժ գտնել` ճիշտ լուծումներ գտնելու այս իրավիճակից դուրս գալու համար: Մենք վճռական ու հետևողական ենք լինելու մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և ուղղորդողներին բացահայտելու և օրենքի ամբողջ խստությամբ պատժելու հարցում: Մենք վճռական ենք, որպեսզի հնարավոր ամենակարճ ժամանակում բացահայտվի ու առգրավվի երկրում առկա ապօրինի զենքն ու զինամթերքը, երկրում ապահովվի օրենքի լիակատար գերակայություն` երաշխավորելով ժողովրդավարության անշրջելի զարգացումները:

Մենք վստահ ենք և վճռական, որ ձևավորվող նոր քաղաքական կոալիցիան ի զորու կլինի առաջիկայում իրականացնել նոր որակի ազգաշահ բարեփոխումներ, նպաստելով երկրի և ժողովրդի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծմանը, դրանով իսկ նպաստելով սոցիալական համերաշխության կայացմանը և երկրի առաջընթաց զարգացմանը:

Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Օրինաց Երկիր» Կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ