Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի ելույթը 2008 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ

նոյեմբեր 13, 2007


Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,


հարգելի պատգամավորներ,


կառավարության անդամներ,


տիկնայք և պարոնայք,


ՀՀ կառավարությունը Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել 2008 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը:


2008 թվականի բյուջեն բավականին հավակնոտ է. նրա իրագործումը, որպես երկրորդ սերնդի բարեփոխումների ելակետ, ենթադրում է ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերի էական աճ:


Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել այն ռազմավարական հիմնախնդիրները, որոնց լուծմանն է ծառայելու նաև 2008 թվականի ՀՀ պետական բյուջեն:


Անհերքելի է այն փաստը, որ մենք այսօր ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որը գնալով փոքրանում է:


Միջազգային տնտեսական իրադարձությունները մի կողմից իրենց անմիջական ազդեցությունն են թողնում մեր սոցիալ-տնտեսական կյանքի վրա, մյուս կողմից ստիպում հստակեցնել պատկերացումները համաշխարհային տնտեսական գործընթացներում Հայաստանի դիրքավորման մասին:


Այսօր մենք առավելապես պետք է կենտրոնանանք ապագայի տեսլականի վրա, չմանրանանք և չփոշիացնենք մեր կարողություններն անցյալի բացթողումների և սխալների շուրջ բանավեճերում: Եկեք համագործակցենք և բանավիճենք այն խնդիրների մասին, որոնք միտված են դեպի ապագան:


Համաշխարհային զարգացումները վկայում են, որ պետությունները հետզհետե պարտադրողական կառավարման գործիքները փոխարինում են համագործակցության և համերաշխության նոր գործիքներով: Պետական-մասնավոր համագործակցության սկզբունքը ժամանակակից աշխարհի հրամայականն է:


Համաշխարհային տնտեսությունը, միջազգային կառույցների գնահատականով, գտնվում է մրրկայնության փուլում: ԱՄՆ ստորադաս հիփոթեքային արժեթղթերի շուկայում ստեղծված իրավիճակը, տոկոսադրույքների կտրուկ նվազումը, դոլարի կտրուկ արժեզրկումը այլ արժույթների նկատմամբ, ԵՄ կողմից գյուղատնտեսության սուբսիդավորման դադարեցումը, վառելիքի և սննդամթերքի գների աննախադեպ աճը համաշխարհային շուկայում իրենց ազդեցությունն են թողնում նաև մեր տնտեսության վրա:


Ֆինանսները և աշխատուժը ազատականացվող աշխարհում դարձել են շատ մոբիլ, ինչի շնորհիվ Չինաստանը և Հնդկաստանը աշխատուժի շուկայում ունեն երկարաժամկետ մրցակցային առավելություն: Վերջին տարիներին, Հայաստանում իրական աշխատավարձերի կայուն աճի տեմպերն անմրցունակ են դարձնում բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ` արդիականացնելով արտադրողականության աճի խնդիրը:


Միջազգային ֆինանսական կապիտալն արագորեն հոսում է այն երկրներ, որտեղ կան հարաբերական առավելություններ:


Զարգացած երկրները, չդիմանալով մրցակցությանը, փակում են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, փոխարինելով դրանք ժամանակակից, գիտելիքի վրա հիմնված ճյուղերով:


Տարածաշրջանային տնտեսական զարգացումներում այսօր ևս խիստ արդիական է երկրների դիրքավորումը երկարաժամկետ հարաբերական առավելությունների դրսևորումներով:


Ադրբեջանն իրեն ցուցադրում է որպես հումքային երկիր և ակնհայտ է, որ նավթային արդյունաբերության զարգացումն իր էական ազդեցությունն է թողնում երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա: Վրաստանը, ունենալով բարենպաստ աշխարհագրական դիրք, առաջ է քաշում հավակնոտ տնտեսական և քաղաքական զարգացման ծրագրեր:


Կարծում եմ` բոլորիս համար ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական և տնտեսական իրողություններն այնպիսին են, որ Հայաստանի զարգացման առանցքը մարդկային ներուժն է: Մարդկային ներուժ ասելով, նկատի ունեմ ամբողջ աշխարհի հայությանը: Այսօր ակնառու է, որ աշխարհով մեկ սփռված հայերի մեծ մասի քաղաքական, տնտեսական հետաքրքրությունների կենտրոնը դառնում է Մայր հայրենիքը: Նրանք իրապես շահագրգռված են Հայաստանի զարգացմամբ, և տնտեսագիտական լեզվով ասած, նրանց պետք է դիտարկենք որպես մեր ֆինանսական և տնտեսական համակարգերի ռեզիդենտներ: Դա նշանակում է, որ այսուհետև հնարավոր չէ մշակել և իրականացնել որևէ գլոբալ ծրագիր` առանց այս գործոնը հաշվի առնելու:


Եվ այսպես, մեր մրցակցային առավելությունը` համայն հայության միացյալ ներուժն է:


Ստանալով ժողովրդի վստահության քվեն և ձևավորելով կառավարություն, ես արդեն իսկ ձեզ ներկայացրել եմ նոր պարադիգմի վրա ձևավորված, հետագա հինգ տարիների զարգացման ծրագիրը: 2008 թվականի բյուջեն առաջին քայլն է այդ ծրագրի իրագործման ճանապարհին, և նրա հիմքում ընկած են հետևյալ ռազմավարական գերակայությունները.


առաջին`


սոցիալական, ժողովրդագրական և բարոյահոգեբանական մթնոլորտի խնդիրների լուծում,


երկրորդ`


կրթական և մտավոր ներուժի ընդլայնում,


երրորդ`


առողջապահական, առողջարանային և կազմակերպված հանգստի ոլորտների զարգացում,


չորրորդ`


արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության արդիականացման խնդիրների լուծում,


հինգերորդ`


ֆինանսական միջնորդության զարգացում,


վեցերորդ`


անվտանգության ժամանակակից և արդյունավետ համակարգի ձևավորում,


եվ վերջինը`


հանրապետական և տարածքային կառավարման արդյունավետության բարձրացում:


Մեր երկրի զարգացման հիմնական նախադրյալը մեր ժողովրդի հոգևոր միասնությունն է:


Փոխադարձ հարգանքի, համագործակցության և վստահության մթնոլորտի ձևավորումը չափազանց կարևոր է կառավարության արդյունավետ գործունեության համար:


Սոցիալական բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը 2008 թվականի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46 տոկոս: Այսինքն` մեր բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն:


Սոցիալական բևեռվածության մեղմացման, անապահով ընտանիքների մեծ քանակի կրճատման ճանապարհին էական դեր է խաղալու կենսաթոշակային ռեֆորմը:


2008 թվականի բյուջեով նախատեսված` կենսաթոշակների առնվազն 60 տոկոսով բարձրացումը զուգորդվելու է նոր կենսաթոշակային համակարգի ներդրման աշխատանքներով:


Ուրվագծեմ կենսաթոշակային նոր համակարգը.


- Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի` անկախ նրանից գործունակ է, թե ոչ, իրական կենսամակարդակի նվազագույնից ոչ ցածր սոցիալական նպաստ ստանալու իրավունք կունենա:


- Կենսաթոշակն ուղղակիորեն կապված կլինի անհատական եկամուտների, այդ թվում և աշխատավարձի հետ:


- Ժամանակի ընթացքում Հայաստանի ցանկացած գործունակ քաղաքացի կունենա անձնական կուտակային հաշիվ, իսկ կուտակված միջոցները կապահովեն հավելյալ կենսաթոշակային եկամուտ:


Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ: Ընտանիքների անապահովվածության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխան ծնվելու կապակցությամբ 2008 թվականին յուրաքանչյուր երեխայի համար միանվագ նպաստի չափը կկազմի 300.000 դրամ` աճելով 50 տոկոսով:


21-րդ դարում հարստանալու հուսալի ճանապարհը լավ կրթություն ստանալն է: Անվիճելի է, որ մեր ապագան գիտելիքների հասարակությունն է, որի հիմնական արժեքներն են մտածելու կարողությունը, նոր գիտելիքների ստեղծումը: Նման ապագայի կառուցումը կախված է նրանից, թե մեզ որքանով կհաջողվի ստեղծել արդյունավետ, մրցունակ, ժամանակի պահանջներին համապատասխան գիտական և կրթական համակարգ: Հատկապես`


1. Կրթական հաստատությունները պետք է սովորեցնեն սովորել:


2. Համալսարանները` մատուցվող գիտելիքների և տեղեկատվական տեխնոլոգիաների մակարդակով չպետք է զիջեն միջին եվրոպական համալսարաններին:


3. Գիտությունը պետք է դառնա մրցունակ և միտված լինի կիրառական արդյունքների:


4. Համալսարանները պետք է հանդիսանան ոչ միայն կրթական, այլ նաև գիտական կենտրոններ:


Կրթական համակարգի զարգացմանն ուղղված ծախսերը 2008 թվականին կաճեն 19.7 տոկոսով: Կբարձրացվեն ուսուցիչների աշխատավարձերը, որոնք 2008 թվականին, ներառյալ լրացուցիչ վճարումները, մեկ դրույքի համար կկազմեն 89.6 հազար դրամ, 2007 թվականի 74 հազար դրամի դիմաց: Գրեթե երկու անգամ կբարձրանա և վարչական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը և կկազմի 136.000 դրամ:


Նախատեսվում են ծախսեր ուսուցիչների մասնագիտական որակավորման բարձրացման, ինչպես նաև 184 կրթօջախների վերանորոգման համար:


16.5 տոկոսով աճել են նաև գիտության զարգացմանն ուղղված պետական ծախսերը: Նախատեսվում է 50 տոկոսով ավելացնել պայմանագրային հետազոտություններ իրականացնող գիտաշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը:


Առողջապահության ոլորտում նպատակային խնդիր է Հայաստանը տարածաշրջանային առողջարանային կենտրոն դարձնելը: Դա նշանակում է, որ մեր առողջապահական հաստատությունները պետք է գործեն միջազգային ստանդարտներին համապատասխան, մատուցեն յուրահատուկ բժշկական ծառայություններ՝ արդարացի գներով, ապահովված լինեն բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումներով:


2008 թվականին առողջապահական համակարգին ուղղված ծախսերը կաճեն 24.2 տոկոսով և կկազմեն 54.6 մլրդ. դրամ: Բուժանձնակազմի հաշվարկային միջին աշխատավարձը կբարձրանա 20 տոկոսով: Նախատեսվում է նաև միայն բյուջեի սեփական ռեսուրսների հաշվին 600 մլն դրամ հատկացում 11 բժշկական հաստատությունների վերանորոգման համար:


Հարգելի պատգամավորներ,


Հայ ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը, բնության հարստությունը և մեր ավանդական հյուրընկալությունը թույլ են տալիս Հայաստանը դարձնել կազմակերպված հանգստի երկիր: Մեր մշակույթը պետք է շարունակի ամրապնդել հայերի կապն ամբողջ աշխարհում, դրանով իսկ հստակեցնելով մեր ուրույն տեղը քաղաքակրթությունների երկխոսությունում:


2008 թվականին մշակույթի, սպորտի և տուրիզմի զարգացման համար նախատեսված ծախսերը կկազմեն 14.9 մլրդ. դրամ: Մասնավորապես, նախատեսվում է 1,4 մլրդ դրամ` 12 գրադարանների, 20 մշակութային այլ օբյեկտների հիմնանորոգման և 24 հուշարձանի վերականգնման համար:


Հարգելի գործընկերներ,


տնտեսության իրական հատվածում մեր առջև ծառացած է երկակի խնդիր: Մի կողմից` պետք է ապահովենք երկարատև աճ բազային ճյուղերի համար, մյուս կողմից ստեղծենք հենահարթակ տնտեսության ժամանակակից, հեռանկարային, գիտատար այնպիսի ճյուղերի համար, ինչպիսիք են տեղեկատվական և նանոտեխնոլոգիաները:


Ի՞նչ է ծրագրում կառավարությունն այս ուղղությամբ:


Առաջին հերթին շարունակելու ենք բարելավել ներդրումային միջավայրը Հայաստանում: Կառավարությունն առաջ է քաշում գործարարության և ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր դառնալու հավակնոտ խնդիր:


Հարկային համակարգը պետք է լինի մրցունակ: Դա նշանակում է, որ հարկային բեռը պետք է լինի խելամիտ, իսկ վարչարարության պահանջները` բոլոր հարկատուներին հասկանալի: Օրենքներում պետք է բացառվեն տարընթերցումների, տարբեր մեկնաբանությունների և առավել ևս՝ կոռուպցիայի տեղիք տվող դրույթները: Հարկային և մաքսային վարչարարության ոլորտում մենք լուրջ անելիքներ ունենք: Պետք է համատեղ ջանքերով լուծենք այս քաղաքական հիմնախնդիրը:


Մեր ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ենթակառուցվածքների արդիականացման խնդիրը: Ջրային տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային տնտեսության, բնակկոմունալ ոլորտներում կատարվող ծախսերը մենք դիտում ենք իբրև ներդրում տնտեսության զարգացման և մարդկանց կյանքի որակի բարելավման մեր նպատակների ուղղությամբ: 2008 թվականին նշված ոլորտներում իրականացվելիք ծախսերի ընդհանուր ծավալում զգալի տեսակարար կշիռ կունենան միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվելիք ծրագրերի ծավալները: Մասնավորապես, միայն պետական բյուջեի միջոցներով 16.4 մլրդ դրամի հատկացումներ են նախատեսվում 51 ճանապարհների հիմնանորոգման և շինարարության ու 33 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար: Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ այս ոլորտներում իրականացվելիք ծախսերում զգալի ծավալ` շուրջ 34.8 մլրդ դրամ, կունենան միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ֆինանսական աջակցությամբ իրականացվելիք ծրագրերի ծավալները: 2008 թվականի բյուջեում միջոցներ են հատկացված էներգետիկ համակարգին` շուրջ 21.7 մլրդ դրամ, ջրային տնտեսությանը` 12.4 մլրդ դրամ, տրանսպորտի բնագավառին` 0.5 մլրդ դրամ:


Գյուղատնտեսությունում մենք պետք է ապահովենք երկու հիմնական խնդիրների լուծում. դա հայկական գյուղմթերքին բնորոշ որակի պահպանումն է և աշխատանքի արդյունավետության բարձրացումը` նոր տեխնոլոգիաների ներմուծման շնորհիվ, այդ թվում` էլիտար սերմերի և տոհմային անասունների: Գյուղատնտեսական ոլորտին ուղղված բյուջեի ծախսերի աճը 2008 թվականին կկազմի 10.2 տոկոս: Գյուղացիական տնտեսություններին ուղղված անմիջական աջակցությունն ու հասցեագրված սուբսիդավորումը կաճի ավելի քան 10 անգամ: 2008թ. բյուջեով նախատեսվում է սուբսիդավորել 80 հազար հեկտարի մշակումը` այս տարվա 7 հազար հա-ի դիմաց:


Այնուամենայնիվ, առաջիկա տարիների համար հիմնական խնդիր է մնում ինովացիոն միջավայրի ձևավորումը: 2008 թվականի բյուջեով նախատեսվում է 80 մլն դրամի հատկացում պետություն-մասնավոր համագործակցություն սկզբունքով Գյումրիում տեխնոպարկի ստեղծման և 100 մլն դրամ` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության» ծրագրի իրականացման համար, որի ներքո նախատեսվում է ստեղծել վենչուրային հիմնադրամ:


Հայաստանի Ֆինանսական համակարգը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու իրական ներուժ ունի: Ստոկհոլմի բորսայի հետ մեր համագործակցությունն այդպիսի հայտարարություն անելու հիմք է տալիս: Համատեղ գործողությունների ծրագրի իրագործումը լուրջ նախադրյալներ կապահովի դրված նպատակին հասնելու համար:


2008 թվականին մեր ջանքերն ուղղելու ենք այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք ստեղծելու են բարենպաստ միջավայր ֆինանսական միջնորդությունը խորացնելու համար, այդ թվում` վարկային բյուրոների, հիփոթեքային արժեթղթերի, սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ օրենքները:


Տարեցտարի կառավարությունն ավելացնում է հատկացումները «Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության» ծրագրի իրականացման համար և 2008 թվականին դրանք կազմելու են 450 մլն դրամ: Պետության աջակցության շնորհիվ, ֆինանսական ծառայություններն առավել հասանելի կդառնան հեռավոր շրջանների փոքր և միջին ձեռնարկատերերի համար:


Հարգելի տիկնայք և պարոնայք,


Տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը մեզ թելադրում է արդյունավետ պաշտպանության և անվտանգության համակարգ ունենալու անհրաժեշտություն: Այս համակարգի գլխավոր, բայց ոչ միակ օղակը բանակն է: Առաջիկա տարիներին անվտանգության ապահովման բնագավառում մեր հիմնական խնդիրն է պետական կառավարման մարմինների մասնակցությամբ ազգային անվտանգության համակարգի հետագա կատարելագործումը: Մենք պետք է պատրաստ լինենք հակազդելու բոլոր սպառնալիքներին և վտանգներին:


2008 թվականի պետական բյուջեով պաշտպանության, անվտանգության և հասարակական կարգի պահպանման ծախսերը կկազմեն շուրջ 170 մլրդ դրամ:


Յոթերորդ գերակայությունը պետական կառավարման համակարգի գործունակությունն է: Կոռուպցիա, ստվերային տնտեսություն, մրցակցային անհավասար պայմաններ, բյուջետային միջոցների փոշիացում. այս խնդիրների լուծումը գտնվում է արդյունավետ կառավարման ոլորտում: Թափանցիկ, վերահսկելի և հստակ ձևակերպված արդյունքին ուղղված բյուջեն կարող է նպաստել այդ խնդիրների լուծմանը: Չպետք է մոռանանք, որ բյուջետային քաղաքականության հիմնական նպատակը մարդկանց կյանքի որակի բարելավումն է: Կառավարել պետական միջոցները գործարարության օրենքներով, խնայել յուրաքանչյուր լուման՝ հետևողականորեն բարձրացնելով գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը: Մենք դեռևս պետք է սովորենք հստակ ձևակերպել ցանկալի արդյունքները և հնարավոր դարձնել դրանց կատարման հսկողությունը: Հասարակությունը պետք է կարողանա գնահատել պետական ինստիտուտների կողմից մատուցվող ծառայությունների որակը:


Հարկ է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերը բյուջեում չեն ավելանա, արդյունավետության բարձրացման շնորհիվ, նախատեսվում է քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի աճ, որի արդյունքում նրանց միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 122.000 դրամ: Նախատեսվում է նաև դիվանագետների, ՀՀ դատարանների դատավորների, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների, դատախազության համակարգի աշխատակիցների և զինծառայողների աշխատավարձերի զգալի բարձրացում:


Բոլոր այս սկզբունքները պետք է տարածվեն նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վրա:


Ակնհայտ է, որ մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակի համատարած բարելավմանը խոչընդոտում է նաև արդյունաբերական, ֆինանսական, սոցիալական, մշակութային և ադմինիստրատիվ ֆունկցիաների գերկենտրոնացվածությունը Երևանում: Այս խնդրի լուծման աշխատանքներն իրականացնելու ենք երկու ուղղությամբ. առաջին` որոշ ֆունկցիաների դուրսբերում Երևանից և հավասարաչափ բաշխում հանրապետության ամբողջ տարածքով և երկրորդ` ֆինանսական համահարթեցում և դոտացիաների տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին: 2008 թվականին համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարը կավելանա 18.7 տոկոսով` կազմելով 21.3 մլրդ դրամ:


Եվս մեկ հանգամանք, 2008 թ. նախագահական ընտրությունների տարի է, ինչն, անշուշտ, իր հետքը կթողնի իրադարձությունների զարգացման վրա: Մենք պետք է այնպես անենք, որ նախընտրական արշավը չխոչընդոտի բյուջեի իրականացմանը և գործադիր իշխանության հստակ աշխատանքին:


Հարգելի պատգամավորներ,


2009-2012 թվականների տարեկան բյուջեները ներկայացնելիս կառավարությունը պարտավորվում է մշտապես ձեզ զեկուցել, թե որքանով են տարեկան բյուջեները մեզ մոտեցնում իմ կողմից մատնանշված ռազմավարական խնդիրների լուծմանը: Կառավարության պատասխանը մեր ընդդիմախոսներին առաջիկա հինգ տարիներին լինելու է հետևյալը. առավել նպատակաուղղված աշխատանք, համերաշխության և համագործակցության մթնոլորտի ձևավորում, ներողամտություն, փոխադարձ սեր և հարգանք: Եվ վստահեցնում եմ ձեզ, որ մենք ունենք բավարար ներուժ նախանշած ուղուց չշեղվելու համար:


Շնորհակալություն ուշադրության համար:


Իսկ հիմա ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ավելի մանրամասն կներկայացնի 2008թ. պետական բյուջեի նախագիծը: