Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է. Տիգրան Սարգսյան

դեկտեմբեր 21, 2013
Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է. Տիգրան Սարգսյան

Երևանի «Զվարթոնց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):
Տիգրան Սարգսյանն այցելել է օդանավակայան՝ զրուցել թիմերի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման մրցույթի անցկացման նախաձեռնությունը: Վարչապետի խոսքով՝ այն կնպաստի, որպեսզի երիտասարդները հետաքրքրվեն տեղեկատվական տեխնոլոգիաներով, որովհետև այդ ոլորտում մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է: «Մեր երկրում այս բնագավառում վերջին տարիների ընթացքում ապահովվում է կայուն աճ և տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք առաջատար դիրքեր»,- լրագրողների հետ զրույցում նշել է Տիգրան Սարգսյանը:
Մրցույթի մասնակիցները կարող են ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձարկել խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել տարբեր գաղափարներ, ինչպես նաև ստանալ մրցանակներ, համագործակցության և ներդրումների լայն հնարավորություն:
Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն:
Այս տարի «Հեքըթոն[ՅԱՆ]»-ը կրում է «Թռիչք» խորագիրը, քանի որ այն հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների և թիմերի հենց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը:
«Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը նախաձեռնել են Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը, Հանրային լրագրութան ակումբը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ «Մայքրոսոֆթ» ընկերության, «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությամբ:
***
Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի և ծրագրավորողների ու այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առաջարկել առկա խնդիրների արդյունավետ լուծումներ: