Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունն առաջին անգամ կասեցվել է 14 օրով․ ՍԱՏՄ

հուլիս 28, 2020

Շարունակվում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների ուժեղացված ստուգայցերը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում։ Արդյունքում արձանագրվում են ՀՀ պարետի որոշումներով ամրագրված նորմերի կատարման նկատմամբ հնարավոր բոլոր խախտումները և ներկայացվում ՀՀ պարետատուն:

Կորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված՝ սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր հանրապետությունում կասեցվել է մոտ վեց տասնյակ կազմակերպությունների աշխատանքը: Դրանցից մեկի՝ Սևանա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով: Այսպիսի պատժաչափ արտակարգ դրության ընթացքում կիրառվում է առաջին անգամ։ Այստեղ խախտվել են կենդանի կատարմամբ երաժտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները:

Եվս մեկ խիստ կասեցում․ յոթ օրով կասեցվել է Երևանի «Արմհուկա» ՍՊԸ-ին պատկանող օբյեկտի աշխատանքը. այստեղ շարունակել են մատուցել նարգիլե, ինչը արգելված է պարետի որոշմամբ:

ՍԱՏՄ-ն, COVID 19 համավարակը շուտափույթ հաղթահարելու նպատակով, իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում, այսուհետ էլ խստորեն հետամուտ կլինի պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերի պահպանմանը: