Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքը համահայկական կրթական խորհրդաժողովի բացմանը

օգոստոս 27, 2004

Մեծարգո տիկնայք և պարոնայք, համահայկական կրթական խորհրդաժողովի հարգարժան մասնակիցներ և հյուրեր,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ խորհրդաժողովի բացման կապակցությամբ:

Անչափ ուրախալի իրողություն է, որ հատկապես վերջին տարիներին հետևողական քայլեր են ձեռնարկվում համահայկական մշակութային, գիտակրթական, գործարար և այլ կարգի խորհրդաժողովների, հավաքների կազմակերպման ուղղությամբ, որոնք կոչված են մեկտեղելու մեր ներուժը, առավելագույնս նպաստելու մեր պետության բարգավաճմանը, Հայրենիք և Սփյուռք կապերի ամրապնդմանը: Այս առումով մեծապես կարևորում եմ ներկա խորհրդաժողովի անցկացումը և համոզմունք հայտնում, որ խորությամբ կվերլուծվեն և կարժևորվեն մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումները, շահագրգիռ քննարկումներ կծավալվեն հայապահպանության Սփյուռքում կրթամշակութային կյանքին զարկ տալու և այլ ասպարեզներում:

Խորհրդաժողովին մաղթում եմ արգասավոր աշխատանք: