Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ

փետրվար 20, 2007

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Մայրենի լեզվի օրվա առթիվ: Մեր ավանդական տոների շարքում այլևս իր յուրահատուկ տեղը գրավող, պետականորեն նշվող գեղեցիկ այս տոնը մեր ժողովրդի, պետության ու հասարակության անսահման երախտիքի տուրքն է մեսրոպատառ ու ոսկեղենիկ հայերենին, որով արարվել են հայոց բազմադարյա հոգևոր արժեքները, մշակույթի և արվեստի մնայուն կոթողները:

Մեծ է մայրենիի դերը աշխարհով մեկ սփռված հայության համախմբման, ազգապահպանության, սերունդների հայեցի կրթության և դաստիարակության, նաև` բոլոր ժամանակներում մեր ազգային նկարագրին անհարիր երևույթներին, օտար ազդեցություններին դիմակայելու գործում:

Տոնը նաև պարտավորեցնում է մեզ՝ բազմապատկել մեր ջանքերը մայրենին մաքուր ու անաղարտ պահելու, իբրև մեր ազգային ինքնատիպության ու հոգևոր անվտանգության ամենազորեղ կռվաններից մեկը: