Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ

մայիս 09, 2017

Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք Հաղթանակի ու խաղաղության տոնը, Շուշիի ազատագրման 25-ամյա հաղթանակը: Մեր տարեգրության ամենահիշարժան էջերը մեր հաղթանակներն են, որոնք հայրենանվեր գործերի ու նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին:
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հերոսական ճանապարհին իր արժանի ավանդն է ունեցել հայ ժողովուրդը, որը զենքը ձեռքին պայքարել և անպարտելիության բազում օրինակներ է թողել հետագա սերունդներին:
Հաղթանակի ու խաղաղության հաստատումը միշտ արժևորվել է հայ ժողովրդի կյանքում և նորովի իմաստավորվել արդեն Շուշիի ազատագրումով: Այս կրկնակի տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի կամքն ու վճռականությունը՝ պաշտպանելու իր արժանապատվությունը, անվտանգությունն ու առաջ շարժվելու անկոտրում ձգտումը:
Պարտադրված պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ պատրաստ է նաև զենքով պաշտպանել իր ազատ, անկախ և խաղաղ ապրելու իրավունքը: Ես արդեն առիթ եմ ունեցել ասելու և այսօր մեկ անգամ ևս կրկնում եմ, որ Արցախն այն սահմանային գիծն է, որտեղ որոշվում է մեր ազգի արժանապատվությունը, և մենք անվերադարձելի պարտք ունենք մեր զինվորի, մեր սպայի նկատմամբ: Նրանց անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել հաղթանակները, ապահովել անվտանգությունն ու առաջ գնալ ազգային նպատակների իրականացման լավատեսական ձգտումներով:
Մենք գլուխ ենք խոնարհում հերոսաբար մարտնչած, հաղթանակներ կերտած բոլոր զինվորների ու ազատամարտիկների, վետերանների ու հերոսների առջև, և մեր երախտիքի խոսքն ուղղում անձնվիրության ու հերոսության պատգամ թողած բոլոր հայորդիներին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Հաղթանակի տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, բարօրություն և նորանոր նվաճումներ: