Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ. «Մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում»

օգոստոս 07, 2014
ՀՀ վարչապետ. «Մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյուն

Օգոստոսի 6-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Երկրի վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում կիսվել է վերջին օրերին սահմանամերձ համայնքներ կատարած այցերի տպավորություններով` նշելով, որ դիրքերից սկսած բոլորը մարտական են տրամադրված և պատրաստ են պաշտպանելու երկրի սահմանները: «Կառավարությունն ուշադիր է եղել և այսուհետ առավել ուշադիր է լինելու սահմանամերձ գյուղերի բոլոր խնդիրների նկատմամբ` փորձելով հնարավորության սահմանում դրանց լուծում տալ: Որպեսզի բնակիչները չլքեն սահմանամերձ գյուղերը, պետք է աշխատանք ունենան: Մենք այժմ օրենքի նախագիծ ենք պատրաստում և սեպտեմբերին կներկայացնենք Ազգային ժողով, որ սահմանամերձ 30 համայնքում գործարարությամբ զբաղվողներն ազատվեն բոլոր հարկերից», - նշել է Հովիկ Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է սահմանի լարված իրավիճակին, այս կապակցությամբ կառավարության ղեկավարն ասել է. «Կրակոցները միշտ եղել են, իսկ այդ ակտիվությունը ես կապում եմ նաև Սոչիում օգոստոսի 8, 9-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և Ռուսաստանի նախագահի կայանալիք հանդիպման հետ: Այս միջադեպերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք այսօր հնարավորություն չունեն, որպեսզի Արցախի և Հայաստանի բանակներին ձեռնոց նետեն: Յուրաքանչյուր զինվորի կորուստ մեծ կորուստ է բոլորիս համար, և մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում»:
Հանրապետության վարչապետն անդրադարձել է նաև Լոռու մարզ կատարած աշխատանքային այցին վերաբերող հարցերին` գոհունակություն հայտնելով Հաղպատի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներից, ապա խոսելով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ծրագրերից: «Յուրաքանչյուր հանքարդյունաբերական ընկերություն պետք է օրենքի շրջանակում աշխատի, քանի որ մեզ համար ամենակարևորը մեր բնակիչների առողջությունն է և էկոլոգիական խնդիրները: Այսօր կոմբինատում 700-ից ավելի մարդ է աշխատում, և ևս 200 աշխատատեղ ավելացնելու հնարավորություն կա: Որպես կառավարության ղեկավար աջակցելու եմ, որպեսզի նոր ծրագրեր իրականացվեն և աշխատատեղեր ստեղծվեն», - հավելել է վարչապետը: Իսկ Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցների աշխատավարձի վճարման առնչությամբ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ընդհանուր մեկ տարվա աշխատավարձի պարտքը 350 մլն ՀՀ դրամ է, և մինչև օգոստոսի 10-ը կվճարվի մեկ ամսվա աշխատավարձը: Եվ եթե լինեն գործարանի վերագործարկման և զարգացման ծրագրեր, կառավարությունը կաջակցի դրանց իրականացմանը:
Պատասխանելով բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորմանը վերաբերող հարցին՝ վարչապետը նշել է. «Լևոն Հայրապետյանը մշտապես օգնել է Արցախի զարգացման բոլոր ծրագրերի իրականացմանը, միշտ եղել է արցախցու կողքին: Մենք բարձր ենք գնահատում նրա բարեգործությունը և փորձելու ենք մեր լիազորությունների շրջանակում օգնել նրան որպես մեր ազգի բարերար»: