Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ. «Շահագրգռված ենք, որպեսզի «Թավիթյան» հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը»

մայիս 04, 2017
ՀՀ վարչապետ. «Շահագրգռված ենք, որպեսզի «Թավիթյան» հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի հիմնադիր, նախագահ, գործարար և բարեգործ Ասո Թավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ:
Վարչապետը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել «Թավիթյան» հիմնադրամի աջակցությամբ կրթական ծրագրերի իրականացման համար, որոնց շրջանակում արդեն վերապատրաստվել է շուրջ 300 ՀՀ պետծառայող՝ միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, իրավագիտություն և հանրային կառավարում ուղղություններով: «Մեծապես կարևորում եմ «Թավիթյան» հիմնադրամի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հետ համագործակցությունը: Հիմնադրամը բարձր հեղինակություն ունի Հայաստանում: ՀՀ կառավարության բարեփոխումներն ու ծրագրերն առաջին հերթին ուղղված են հենց կառավարման արդյունավետության բարձրացմանը: Մենք շահագրգռված ենք, որպեսզի հիմնադրամն ընդլայնի իր գործունեությունը Հայաստանում, և ձեր ծրագրերը շարունակական բնույթ կրեն», - իր խոսքում նշել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով, մասնավորապես, կառավարման համակարգի արդիականացման, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, պետություն-մասնավոր գործակցության ձևաչափով ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեությանը և այլն:
Ասո Թավիթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին բարձր գնահատականի համար՝ գոհունակությամբ խոսելով «Թավիթյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի, արդյունքների և Հայաստանից մասնակցող մասնագետների պատրաստվածության մասին: ««Թավիթյան» հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով հնարավորինս աջակցել Հայաստանի զարգացմանը: Պատրաստ ենք շարունակել և ընդլայնել երիտասարդ մասնագետների կարողությունների հզորացմանն ուղղված նախաձեռնությունները», - նշել է Ասո Թավիթյանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման տեսլականի և հեռանկարների շուրջ, կարևորել կրթության դերն առկա մարտահրավերները դիմագրավելու գործում և լայն աշխարհայացքով ու մտածելակերպով երիտասարդ մասնագետների պատրաստումը:
Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել քննարկել հնարավոր նոր ծրագրերն ու աջակցել դրանց իրագործմանը: