Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ 01.03.2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

մարտ 02, 2008

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով մեր ժողովուրդը ծանր կորուստներ կրեց: Կրեց անդառնալի կորուստներ. եղան մարդկային զոհեր թե՛ ծառայողական պարտքը կատարող ոստիկանության աշխատակիցների, թե՛ մի խումբ մարդկանց ազդեցության տակ ընկած ցուցարարների շարքերում: Հարյուրավոր քաղաքացիներ են տուժել արմատական ընդդիմադիրների անօրինական գործողությունների հետևանքով:

Այսպես կոչված «շարժման» հեղափոխական պարագլուխները հասարակական կարգը պահպանողներին ու սեփական աջակիցներին դարձրեցին իրենց անհագուրդ նկրտումների պարպման թիրախ: Այդ ամենի համար անկարգությունների կազմակերպիչներն ու հրահրողները դեռ պատասխան պիտի տան օրենքի, պատմության ու սերունդների առաջ: Ցավով եմ նշում, որ մեր հայրենակիցները դարձան որոշ մարդկանց կույր ատելության զոհը:

Այսօր ես կիսում եմ յուրաքանչյուրիդ վիշտն ու բոլորիդ մաղթում եմ կամք, ուժ և հոգեկան կորով, այս արհավիրքը հաղթահարելու համար: