Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ուղերձը ՏԻՄ օրվա առթիվ

նոյեմբեր 10, 2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ուղերձը ՏԻՄ օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: Քառորդ դար առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց ՏԻՄ համակարգը՝ որպես կառավարման ժողովրդավարացման գործընթացի առաջին քայլ: Այդ ընթացքում ՏԻՄ համակարգը մի շարք վերափոխումների ենթարկվեց՝ այսօր հասնելով համայնքների խոշորացման վերջին փուլին:
Միավորման և խոշորացման ճանապարհին մենք ավելի ենք մոտենում տարիներ ի վեր նպատակադրած ապակենտրոնացման պրոցեսին: Արդյունքում՝ համայնքների տնտեսական ներուժը մեծանում է, ընդլայնվում են կարողությունները, սուբվենցիոն ծրագրերի մշակումն ու իրականացումը դառնում է արդյունավետորեն գործադրելի: Այսպիսով, հնարավորություն է ստեղծվում բոլոր համայնքներում մասնագիտական ու կադրային ռեսուրսի ապահովման առումով: Համայնքների համար ավելի հասանելի են դառնում նաև թվային ծառայությունները, մեկ միասնական գրասենյակները՝ նպաստելով համայնքների համաչափ զարգացմանը:
4000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում ՏԻՄ ղեկավար մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով: Թեև ՏԻՄ ընտրությունները հանրային ընկալումներում առայժմ բավարար չափով քաղաքականացված չեն համարվում, այնուհանդերձ, կարծում եմ, որ դրանք պետք է քաղաքական թիմերի, վերջինների գաղափարների դրսևորման ու բանավեճի հարթակի վերածվեն: Համոզված եմ, որ այդ պրակտիկան մեզ մոտ ավանդույթ է դառնալու՝ հնարավորություն ընձեռելով ՏԻՄ համակարգում ապահովել քաղաքական ուժերի հավասարակշիռ մասնակցություն: Իրենց ստացած ձայներին համապատասխան՝ վերջիններս ներկայացված են լինելու համայնքի ավագանիում և մասնակցելու են համայնքի կառավարմանը՝ հնարավորություն ունենալով իրագործել իրենց նախընտրական ծրագրերը:
Համայնքների կայուն զարգացումը և բարեկեցիկ միջավայրի կառուցումը մեր կառավարության առաջնահերթություններից է, որոնց միտված բարեփոխումներն ու աշխատանքներն անընդհատ բնույթ են կրել նախորդ 3 տարիներին: Ուզում եմ հավաստիացնել, որ դրանք շարունակվելու են լայն թափով և լինելու են ապագայամետ: ՏԻՄ համակարգը մշտապես կատարելագործման կարիք ունի, հետևաբար պետք է ամենօրյա ջանքեր ներդնենք արդյունավետ աշխատող ինստիտուտներ ունենալու համար: Միայն ապահով, բարեկեցիկ ու առողջ միջավայրով համայնքը կարող է ամուր հենարան լինել պետության համար և ամրացնել քաղաքացու՝ սեփական հողում ապրելու և արարելու ձգտումը: Վստահ եմ՝ մեր բարեփոխումների գործընթացի շարունակումն էական դեր է կատարելու համայնքների համաչափ զարգացման գործում՝ ՏԻՄ համակարգը դարձնելով քաղաքացիակենտրոն և սպասարկելով ընդհանուր բարիքն ու հանրային շահը: