Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Շինարարի օրվա առթիվ ոլորտի լավագույն ներկայացուցիչները խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով

օգոստոս 07, 2014
Շինարարի օրվա առթիվ ոլորտի լավագույն ներկայացուցիչները խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով

Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր մեկնարկել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և իր անունից շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք և նորանոր ստեղծագործական հաջողություններ:
«Շինարարի մասնագիտությունն ամենապատվավոր մասնագիտություններից է և արժանի հարգանք է վայելում մեր երկրում: Շինարարի աշխատանքի արդյունքով է պայմանավորված նաև ազգային տնտեսության և ժողովրդի բարեկեցության դինամիկ զարգացումը: Դուք մշտապես եղել եք մեր հասարակության ստեղծարար ուժերի առաջատար դիրքերում՝ հաջողությամբ լուծելով ձեր առջև դրված դժվարին և պատասխանատու խնդիրները: Մենք, հիրավի, հպարտանում ենք մեր ճարտարապետների և շինարարների ստեղծած հրաշալի գլուխգործոցներով: Շարունակե՛նք այդ բարի ավանդույթը:
Այսօր դուք տիրապետում եք ժամանակակից տեխնոլոգիաներին և կառավարման համակարգերին, ինչը թույլ է տալիս հաջողությամբ իրականացնել մեր քաղաքացիների հարմարավետ կենսապայմանների ապահովմանն ուղղված սոցիալական ծրագրերը: Կառավարման կատարելագործման, ֆինանսավորման ծավալների աճի և ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ շինարարության ոլորտը դարձել է մեր ազգային տնտեսության կարևոր հատվածներից մեկը»
, - նշել է երկրի վարչապետը:
Կառավարության ղեկավարը, օգտվելով առիթից, շնորհավորել է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությանը 60-ամյակի առթիվ: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նախարարության դերը ոլորտի զարգացման գործում և համոզմունք հայտնել, որ այն կպահպանի և էլ ավելի կզարգացնի ազգային ճարտարապետական հարուստ ավանդույթները: «Այսօր ձեր առջև ծառացած են մրցունակության, աշխատանքի և ծառայությունների որակի բարձրացման, շինարարության ֆինանսավորման նոր եղանակների զարգացման և ներդրման խնդիրները: Եկեք միավորենք մեր ջանքերն այդ ուղղությամբ՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի բարեկեցության: Վստահ եմ, որ դուք արժանապատվորեն կկատարեք ձեր առաքելությունը»,- դիմելով ներկաներին՝ ասել է Հայաստանի վարչապետը:
Պետական կառավարման համակարգում ներդրած ավանդի, երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև շինարարի տոնի առթիվ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը խրախուսվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով: Շինարարի տոնի առթիվ, ինչպես նաև երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության և շինարարության բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել նաև «Թերմոռոս-Ար» ՍՊԸ-ի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Խորեն Քոթանջյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի քիմիայի, սիլիկատների և կապակցող նյութերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Չիլինգարյանը, «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիրը (հրատարակիչ` «Միդիս-Շար» ՍՊԸ):