Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 03, 2000

Այսօր տեղի ունեցավ Լոնդոնում կայանալիք «Հայաստանը 21-րդ դարում» ՀՀ տնտեսական զարգացմանը նվիրված համաժողովի աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ճյուղային նախարարությունները ներկայացրեցին իրենց ոլորտներում առկա այն գործարար ծրագրերը, որոնք նպատակահարմար են գտնում ներառել գործարար համաժողովի աշխատանքներում: Նշվեցին այն չափորոշիչները, որոնց պետք է բավարարեն առաջարկվող նախագծերը: Որպեսզի հանրապետության յուրաքանչյուր գործարար հնարավորություն ստանա ներկայացնելու իր նախագիծը, որոշվեց շարունակել ծրագրերի ներգրավման գործընթացը: Այս նպատակով Հայկական զարգացման գործակալությանը հանձնարարվեց շարունակել աշխատանքը գործարար շրջանակների հետ:

Որոշվեց հստակեցնել աշխատանքների ժամանակացույցը և հաջորդականությունը: Նախարարություններին հանձնարարվեց միջազգային չափանիշներին համապատասխան իրենց գործարար ծրագրերը ներկայացնել արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանին, որը 10-օրյա ժամկետում հանձնաժողովի քննարմանը պետք է հանձնի ամբողջացված ցանկը:

Հընթացս շարունակվելու է աշխատանքը միջազգային ֆինանսական կազմակերպությունների, արտասահմանյան խոշոր ընկերությունների, ինչպես նաև սփյուռքահայ գործարարների հետ՝ համաժողովի աշխատանքներին նրանց առավելագույնս ներգրավելու նպատակով:

Ըստ Անդրանիկ Մարգարյանի, համաժողովի գլխավոր խնդիրներից է լինելու Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնել իբրև համագործակցության համար բաց, ներդրումների համար նպաստավոր երկիր, գտնել նոր գործընկերներ ու հայաստանյան արտադրանքի համար՝ նոր շուկաներ: