Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 27, 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց հանրապետության երիտասարդական շարժումը ներկայացնող` Ազգային ժողովի պատգամավորներին, «Համահայկական երիտասարդական հիմնադրամի» ներկայացուցիչներին:

Պատգամավորները վարչապետին ներկայացրին այն հիմնախնդիրները, որոնք այսօր ծառացած են երիտասարդության առջև, ինչպես նաև ընթացիկ և նախապատրաստվող ծրագրերը:

Կարևորելով սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում երիտասարդության ունեցած դերը` վարչապետը երիտասարդական շարժման ներկայացուցիչներին կոչ արեց առավել ակտիվ մասնակցություն ունենալ երկրում ընթացող գործընթացներին և հավաստիացրեց, որ պետությունն իր հերթին ըստ ամենայնի կնպաստի նրանց նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպման ժամանակ գործնական լուծումներ ստացան ընթացիկ մի քանի խնդիրներ: Ողջունելով Համահայկական կենտրոնի ստեղծման գաղափարը, որը ձևավորվել է դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց լուծել կենտրոնին համապատասխան տարածք տրամադրելու հարցը: Նախատեսվում է, որ կենտրոնը կդառնա այն հանգուցակետը, որի շուրջ ձևավորված երիտասարդական շարժումը կստանա համահայկական բնույթ: Կազմակերպչական աշխատանքները կիրականացնի Համահայկական երիտասարդական հիմնադրամը:

Որոշակի հանձարարական տրվեց նաև «ՈՒսանողական քաղաքի» ստեղծման նախագծի վերաբերյալ, ըստ որի մայրաքաղաքի ուսանողական հանրակացարաններից մեկի հիմնա վրա կստեղծվի բարեկեցիկ ուսանողական ավան՝ իր բոլոր ենթակառուցվածքներով:

Հանձնարարավեց կատարել ուսանողական հանրակացարային ֆոնդի գույքագրում, գտնել դրանց տնօրնման արդյունավետ եղանակներ:

Վարչապետը հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց երիտասարդության շրջանում արտագաղթի կասեցմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացմանը, երիտասարդ մասնագետներին պետական կառավարման օղակների աշխատանքներում ներգրավմանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման հանդիպումները դարձնել հաճախակի: