Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 30, 2004

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կիթ Սիմոնսին, որն իր եռամյա գործունեության ավարտին հրաժեշտի հանդիպումներ է ունենում մեր երկրի ղեկավարության հետ: Վարչապետի հետ հանդիպմանը պրն Սիմոնսը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին և ամբողջ գործադիր իշխանությանը՝ անցած 3 տարիների համագործակցության համար, ընդգծելով, որ այդ ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերը մշակվել և իրագործվել են ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումներին համահունչ, և համատեղ աշխատանքը եղել է նպատակային ու արդյունավետ: Կիթ Սիմոնսի խոսքերով, դրան մեծապես նպաստել է նաև կայունությունը կառավարությունում, շահագրգիռ նախարարությունների հետ գործընկերային սերտ հարաբերությունների հաստատումը:

Պարոն Սիմոնսը ՀՀ վարչապետին է ներկայացրել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության երևանյան գրասենյակի նոր ղեկավար՝ Ռոբին Ֆիլիպսին: Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել պարոն Սիմոնսին և հույս հայտնել, որ գործակալության երևանյան գրասենյակի նոր ղեկավարը նույնպիսի արդյունավետությամբ կաշխատի, ինչպես Կիթ Սիմոնսը: Կառավարության ղեկավարը իր և ամբողջ կառավարության աջակցությունն ու համագործակցության պատրաստակամությունն է հայտնել պարոն Ֆիլիպսին: