Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հուլիս 13, 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը: Խորհրդի նախագահը վարչապետին է ներկայացրել ԱՀՀ նորանշանակ գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, որը, ըստ նրա, նշանակումից հետո առաջին անգամ է Հայաստանում, սակայն լավատեղյակ է մեր երկրում ընթացող զարգացումներին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Շնորհավորելով Բրայան Արդունուն՝ ԱՀՀ գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի կառավարության և Ամերիկայի հայկական համագումարի միջև գոյություն ունեցող համագործակցությունը, որը նպատակաուղղված է մեր երկրի և պետության համար կարևորագույն հիմնախնդիրների լուծմանը, այսուհետ ևս հաջողությամբ կշարունակվի: Գոհունակությամբ նշելով, որ հերթական ամեն մի այցելությունից հետո նոր փոփոխություններ է նկատում Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում, Էնթոնի Պարսամյանն ընդգծել է, որ դրական այդ գործընթացները մեծապես օգնում են մեր երկրի հիմնախնդիրների լուծմանն ուղղված իրենց ջանքերին: Պատվիրակության անդամների խնդրանքով, Անդրանիկ Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի ներկայիս քաղաքական ու տնտեսական իրավիճակը, զարգացման հեռանկարները, վերջին տարիների ձեռքբերումներն ու առկա խնդիրները:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, ԱՄՆ-ի կողմից մեր երկրին տրամադրվող օգնությանը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման ընթացքին, Հայաստանում ներդրումներ կատարելու սփյուռքի հնարավորություններին, տարածաշրջանային համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: