Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 26, 2005

Սեպտեմբերի 29-ին երկօրյա աշխատանքային այցով Երևան կժամանի Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի գլխավորած պատվիրակությունը՝ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկոլոզ Գիլաուրին, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեորգի Գուգունիշվիլին, ֆինանսների նախարարի տեղակալ Դմիտրի Գվինդաձեն, տնտեսական զարգացման նախարարի տեղակալներ Դավիթ Ծիկլաուրին և Գենրիխ Մուրադյանը, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Ջուղելին, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Միրիան Դեկանոիձեն, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Զաալ Լոմթաձեն, կրթության և գիտության նախարարի տեղակալ Թեյմուրազ Սամադաշվիլին, մաքսային դեպարտամենտի նախագահ Զուրաբ Անթելիձեն, «Վրաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Ռամազ Գիորգաձեն, ավտոմոբիլային տրանսպորտի վարչության նախագահ Ալեքսանդր Չխիկվաձեն, Վրաստանի վարչապետի խորհրդականներ, կառավարության, արտաքին գործերի նախարարության այլ պաշտոնատար անձինք:

Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը կմեկնարկի նույն օրը ՀՀ կառավարության ընդունելությունների տանը: Մինչ այդ տեղի կունենա հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի առանձնազրույցը: Նիստի շրջանակներում հանդիպումներ կկայանան առանձին աշխատանքային խմբերի միջև:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում նախատեսվում է քննարկել, մասնավորապես, հանձնաժողովի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, երկու երկրների միջև իրավապայմանագրային բազայի, առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, ինչպես նաև տրանսպորտի և կապի, զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:

Միջկառավարական հանձնաժողովի եզրափակիչ նիստից հետո տեղի կունենա համատեղ փաստաթղթերի ստորագրում և երկու երկրների վարչապետների մամուլի ասուլիս:

Երեկոյան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունից պաշտոնական ճաշ կտրվի Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի պատվին:

Աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելին կայցելի Մատենադարան, հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: