Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 01, 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-8-ը պաշտոնական այցով կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նախատեսվում են Հայաստանի կառավարության ղեկավարի հանդիպումները Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի, վարչապետ Ահմադ Նազիֆի, Ալեքսանդրիայի նահանգապետի, Կահիրեի համալսարանի նախագահի և արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, տեղի հայ համայնքի հետ:

Այցի շրջանակներում տեղի կունենա Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը:

Պաշտոնական այցի նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցերն այսօր քննարկվել են նաև վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Աբլա Աբդել Ռահմանի հանդիպման ժամանակ: Գոհունակություն հայտնելով նախապատրաստական աշխատանքների ընթացքից, կողմերը երկուստեք վստահություն են հայտնել, որ պաշտոնական այցի ծրագրով նախատեսված միջոցառումները հաջողությամբ կիրականացվեն՝ նոր խթան հանդիսանալով հայ-եգիպտական հարաբերությունների հետագա զարգացման համար:

Հանդիպման ժամանակ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ Երևանում Եգիպտոսի դեսպանատան համար հողատարածք հատկացնելու կապակցությամբ: