keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հուլիս 07, 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Քննարկման էր ներկայացված «Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև հոլանդական դրամաշնորհի համաձայնագրի» հաստատման մասին որոշման նախագիծը: 2001թ. հուլիսի 6-ին, Երևանում ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և հիշյալ ընկերակցության միջև դրամաշնորհի համաձայնագիրը ստորագրվել է: Սահմանված կարգով այն ՀՀ կառավարությունը պետք է հաստատի: Կառուցվածքային բարեփոխումների 4-րդ վարկի շրջանակներում ՀՀ-ին տրվող 10 մլն հոլանդական գուլդենը /մոտ 4 մլն ԱՄՆ դոլար/ ամբողջությամբ կմուտքագրվի պետական բյուջե՝ նախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով: Նշվեց, որ համաձայնագրով ՀՀ-ն ամիջական ֆինանսական պարտավորություններ չի ստանձնում, համաձայնագրի դրույթները չեն հակասում ՀՀ օրենսդրությանը: Կառավարությունը հաստատեց համաձայնագիրը: