Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 16, 2006

ՀՀ վարչապետ, Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր աշխատանքային եռօրյա այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Հայաստանի անկախության 15-ամյակին և Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանշական մեկնարկին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Ֆրասիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Լոռու և Գեղարքունիքի մարզպետները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը, ՀՀ կառավարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ: ՀՀ վարչապետի հետ, պաշտոնական պատվիրակության կազմում Փարիզ կմեկնեն նաև տեղական ինքակառավարման մարմինների ղեկավարներ:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամները հոկտեմբերի 17-ին կմասնակցեն Ֆրանսիայի Սենատում կայանալիք Հայաստանի և Ֆրանսիայի քույր քաղաքների ապակենտրոնացված համագործակցության կոնֆերանսին, Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան-Լուի Դեբրեի անունից ՀՀ վարչապետի պատվին կազմակերպվելիք ընդունելություններին: Այցի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 18-ին, նախատեսվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը Փարիզի Գարնիե Օպերային թատրոնում տեղի ունենալիք Հայաստանի ազգային տոնին և Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանշական մեկնարկին նվիրված հանդիսությանը: