Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 05, 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ-ի նախագահ Ալեքսանդր Վեշնյակովին: Վարչապետը ողջունել է Հայաստանի և Ռուսաստանի ԿԸՀ-ների միջև համագործակցության սերտացմանը, փորձի փոխանակմանն ուղղված երկուստեք քայլերը, որոնք այսօր կամրագրվեն համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ: ՌԴ ԿԸՀ նախագահը ՀՀ վարչապետի հետ զրույցում կարևորել է ազատ և ժողովրդավարական ընտրությունների չափորոշիչների մասին կոնվենցիայի ընդունումը, որը ս.թ. նոյեմբերի 30-ին կներկայացվի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների քննարկմանը, իսկ մինչ այդ ընդհանուր չափորոշիչների մասին փաստաթուղթը կներկայացվի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին: Փաստաթղթի ընդունումը, ըստ պրն Վեշնյակովի, թույլ կտա զերծ մնալ ընտրությունների անցկացման և արդյունքների վերաբերյալ տարաբնույթ գնահատականներից, քանի որ կգործեն գնահատման ընդհանուր չափանիշներ: Այն նաև օրինակ կդառնա եվրոպական մյուս երկրների համար: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է տեղեկատվական համակարգերի կատարելագործումը, տեղեկատվության փոխանակումը, ժողովրդավարական արժեքների արմատավորման ուղղությամբ աշխատանքների շարունակումը: ՀՀ վարչապետը, Հայաստանի համար առաջիկա ընտրություններից առաջ, կարևորել է նաև «Ընտրական օրենսգրքի» կատարելագործումը, «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունումը: Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանը կառավարության կողմից պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ և ՌԴ ԿԸՀ-ների համագործակցության խորացմանն ուղղված ջանքերին: