Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

նոյեմբեր 03, 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան աշխատակիցների, արտերկրում Հայաստանի դեսպանությունների, հյուպատոսությունների և միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչների տարեկան խորհրդաժողովի մասնակիցների հետ: Վարչապետը շնորհավորել է բոլորին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև հանրապետության նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության 10-ամյակի և դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայության համար պարգևատրված ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, դեսպաններ Էդուարդ Նալբանդյանին և Վիգեն Չիտեչյանին, այդ պարգևները համարելով մեր երկրի արտաքին գործերի գերատեսչության աշխատանքին տրված ընդհանուր գնահատական: Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել մեր դիվանագետներին՝ իրենց անչափ պատասխանատու աշխատանքում, ընդգծելով Հայաստանի հեղինակության բարձրացման, մեր պետությունն աշխարհին պատշաճորեն ներկայացնելու գործում նրանց անմիջական և մեծ աշխատանքը: Նշելով, որ նախորդ հանդիպումից անցել է ընդամենը 1 տարի, կառավարության ղեկավարն անդրադարձել է այդ ժամանակաընթացքում հանրապետությունում արձանագրված դրական տեղաշարժերին, տնտեսության ընդհանուր վիճակին, դեռևս առկա խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ կառավարության ձեռնարկելիք քայլերին և դեսպաններից ակնկալվող աշխատանքին: Անդրանիկ Մարգարյանը, հանդիպման մասնակիցներին շնորհավորել է նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի ընդունման կապակցությամբ, նշելով, որ այն էականորեն կարգավորում է այդ բնագավառը, չնայած գործողության մեջ օրենքը ցույց կտա թերի կողմերը, որոնք ընթացքում կշտկվեն: Նա հույս հայտնեց, որ այդ կարևոր փաստաթղթերի կատարելագործմանն իրենց առաջարկներով կնպաստեն նաև դեսպանները: Վարչապետն ընդգծել է տնտեսական միջկառավարական հանձնաժողովների աշխատանքին մեր դիվանագետների ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը, նշելով, որ դրանք չպետք է զգացվեն միայն բարձրաստիճան այրերի պաշտոնական կամ աշխատանքային այցերի ժամանակ, այլ ամբողջ տարվա ընթացքում: ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը և հանդիպման մասնակից դիվանագետները իրենց շնորհակալությունն են հայտնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, կառավարությանը՝ դեսպանատների աշխատանքի նկատմամբ հատուկ ուշադրություն, կանոնավոր ֆինանսավորման համար, որն, ըստ նրանց, անցած և ոչ մի տարում այդքան լավ չի կազմակերպվել, ինչի արդյունքում դեսպանատներն այսօր աշխատավարձի գծով պարտք չունեն: Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կառավարության կողմից դեսպանների աշխատանքը գնահատել է դրական՝ հաջողություններ մաղթելով մեր դիվանագետներին ի բարօրություն մեր պետության և ժողովրդի: