Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 16, 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին:


Շնորհավորելով պարոն Կասինելիին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ նա նախորդ դեսպանի՝ Մարկո Կլեմենտեի նման իր գործունեությամբ զգալիորեն կնպաստի ամենատարբեր ոլորտներում հայ-իտալական հարաբերությունների հետագա զարգացմանը:


Դեսպան Կասինելին վստահեցրել է, որ ամեն ջանք կգործադրի քաղաքական, տնտեսական և, առահասարակ, երկու երկրների համար հեռանկարային բոլոր ոլորտներում հայ-իտալական համագործակցությունն առավել ամրապնդելու համար՝ կարևորելով ինչպես ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականության» շրջանակներում, այնպես էլ երկկողմ գործակցության զարգացումը:


Հանդիպման առիթն օգտագործելով, դեսպանը նաև շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ խորհրդարանական ընտրությունները մեծամասամբ միջազգային չափանիշներին և միջազգային ասպարեզում ստանձնած պարտավորություններին համապատասխան անցկացնելու համար: Նա նշել է, որ ընտրությունների հետ կապված դրական գնահատականներ լսել է ինչպես ընտրությունների ընթացքին հետևող իտալացի խորհրդարանականներից, այնպես էլ եվրոպական տարբեր դիտորդական առաքելություններից: Պարոն Կասինելին Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Հանրապետական կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:


Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը և Իտալիայի դեսպանը համագործակցության զարգացման տեսանկյունից, կարևորել են աշնանը «Հայաստանի օրեր Իտալիայում» մշակութային միջոցառումների շարք անցկացնելու երկկողմ պայմանավորվածությունը, որին նախորդել է 2005թ. հոկտեմբերին անցկացված «Հայ-իտալական բարեկամության օրեր» փառատոնը: Վարչապետը նշել է, որ այդպիսի միջոցառումները սոսկ մշակութային շփումներով և համագործակցությամբ չեն ավարտվում և զգալիորեն նպաստում են երկու երկրների միջև տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացմանը: Դեսպան Կասինելին տեղեկացրել է, որ մտադիր են աշնանը Իտալիայում հրավիրել նաև գործարար համաժողով՝ հայ գործարարների մասնակցությամբ, ինչը կխթանի տնտեսական հարաբերությունների զարգացումը: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական ցուցանիշները, ըստ դեսպանի, արժանացել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատանքին, ինչը խոսում է կառավարության արդյունավետ գործունեության մասին: Նա առաջիկայում ևս հաջողություններ է մաղթել Հայաստանի կառավարությանը, հույս հայտնելով, որ հայ-իտալական տնտեսական համագործակցությունը ևս դինամիկ զարգացում կունենա:


Երկուստեք կարևորվել է հատկապես մի շարք բնագավառներում՝ զբոսաշրջություն, փոքր ու միջին ձեռնարկատիրություն և այլն, իտալական փորձը նկատի առնելով, համագործակցության ընդլայնումը, ԱՀՌԾ-ի շրջանակներում համատեղ շահագրգիռ աշխատանքը:


Հանդիպման ավարտին վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին, համագործակցության պատրաստակամության և ԱԺ ընտրությունների հետ կապված շնորհավորանքի համար, վստահություն հայտնելով, որ Հայաստանում այսուհետ յուրաքանչյուր ընտրություն նախորդից ավելի լավն է լինելու. «Ոչ ոք չի կարող ասել, որ իր երկրում ընտրական համակարգն այնքան կատարյալ է, որ կատարելագործման ուղղությամբ այլևս ոչինչ անել պետք չէ»,- ասել է վարչապետը, ավելացնելով, որ Հայաստանը շարունակելու է ընտրական համակարգի առավել բարելավմանն ուղղված իր քայլերը: