Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 17, 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրինա Ռոդիքս Պրունարիուին:


Վարչապետը շնորհավորել է տիկին Պրունարիուին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նշելով, որ հայ-ռումինական հարաբերությունները զարգանում են բարձր մակարդակով մշտական երկխոսության պայմաններում, զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև առևտրատնետեսական հարաբերություններին: Նրանք արձանագրել են, որ ի տարբերություն քաղաքական երկխոսության մեջ նկատվող ակտիվացման միտումներին, տնտեսական համագործակցությունը և երկու երկրների միջև առկա ապրանքաշրջանառության ծավալները դեռևս բավարար չեն և չեն արտացոլում կողմերի իրական հնարավորությունները:


Հանդիպման ընթացքում Ռումինիայի դեսպանը, առիթից օգտվելով շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների և այդ ընտրություններում Հանրապետական կուսակցության ունեցած հաջողության կապակցությամբ: Տիկին Քրինա Պրունարիուն Սերժ Սարգսյանին տեղեկացրել է իր երկրում այս օրերին տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մասին, խոսելով նաև առաջիկա շաբաթ օրն անցկացվելիք հանրաքվեի մասին:


ՀՀ վարչապետը և Ռումինիայի դեսպանն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության և տարածաշրջանի ընդհանուր զարգացմանն ու կայունության ամրապնդմանն ուղղված Սևծովյան տարածաշրջանի բոլոր պետությունների մասնակցության կարևորությունը ևս, այդ համատեքստում անդրադառնալով նաև ԵՄ հովանու ներքո իրականացվող տնտեսական ծրագրերին Հայաստանի մասնակցությանը:


Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության և իր անունից համագործակցության պատրաստակամություն է հայտնել Ռումինիայի նորանշանակ դեսպանին: