Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 08, 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:


Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպան Պրյախինին՝ արդյունավետ համագործակցության և ժողովրդավարացման գործընթացներում մեր երկրին ԵԱՀԿ-ի ցուցաբերած աջակցության գործում նրա ունեցած մեծ ավանդի համար:


Վլադիմիր Պրյախինը ևս արդյունավետ է համարել Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ անցած տարիների համագործակցությունը: Դեսպանը, առիթից օգտվելով, նաև շնորհավորել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ նոր կառավարությունը ևս ղեկավարելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ Հայաստանի տնտեսության և նաև ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ վերջին տարիների ձեռքբերումներն ու արձանագրված առաջընթացը ոչ միայն կպահպանվեն, այլև այսուհետ ևս ամենատարբեր ոլորտներում Հայաստանը հաջողություններ կարձանագրի:


Զրույցի ընթացքում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության ծրագրերից երկուստեք ընդգծվել և կարևորվել են հատկապես Սյունիքի մարզի զարգացման աջակցության և հակահրթիռային վառելիքի վերամշակման (Մելանժ) ծրագրերը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Մելանժ» ծրագրի իրագործմանը էական է եղել, և այն ԵԱՀԿ-ի համար օրինակելի ծրագրերից մեկն է համարվում:


Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություն է մաղթել Վլ.Պրյախինին՝ հետագա գործունեության մեջ: