Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

օգոստոս 06, 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ալմաստի և ոսկու արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի` «ԱԼՌՈՍԱ» ՓԲԸ-ի նախագահ Սերգեյ Վիբորնովին և նրա գլխավորած պատվիրակությանը:


«ԱԼՌՈՍԱ»-ի նախագահը ՀՀ վարչապետին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության առաջիկա ծրագրերը և Հայաստանում ընկերության գործունեությունն ընդլայնելու, ներդրումային նոր և խոշոր նախագծեր իրականացնելու մտադրությունները` նկատի առնելով մինչ այս հայկական ադամանդագործական և ոսկերչական ընկերությունների հետ ունեցած համագործակցության փորձը, երկրում բարձրորակ մասնագետների առկայությունը, ինչպես նաև Հայաստանի բարենպաստ օրենսդրական և ներդրումային միջավայրը: Միջկառավարական համաձայնագրի շրջանակներում մեր երկրում դեռևս 2002 թվականից գործունեություն ծավալած «ԱԼՌՈՍԱ» ՓԲԸ-ն, ընկերության նախագահի հավաստմամբ, նպատակ ունի ակնագործության և ոսկեգործության բնագավառներում փոխշահավետ և ամուր համագործակցություն զարգացնել Հայաստանում:


Վարչապետը նշել է, թե ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցության խորացմամբ, հետաքրքված է ընկերության ներդրումային ծրագրերով և խրախուսելի է համարել լուրջ ու հեռանկարային գործունեություն ծավալելու նպատակով Հայաստան խոշոր ընկերությունների մուտքը, ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցելու այդպիսի ընկերությունների գործունեությանը մեր երկրում, ինչի վկայությունն է այսօր ՀՀ կառավարության և «ԱԼՌՈՍԱ» ընկերության միջև ստորագրված համագործակցության մասին համաձայնագիրը: