Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 21, 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է մեր երկրի Անկախության մի խումբ հասակակիցների` 16 տարեկան պատանիների ու աղջիկների հետ, որոնք նաև հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին մրցանակակիրներ, միջազգային առարկայական օլիպիադաների հաղթողներ ու մասնակիցներ, ՀՀ պաշտպանության նախարարության «Բանակը մեր հաղթական» շարադրության մրցույթի հաղթողներ են:


Մինչև վարչապետի հետ հանդիպելը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի առաջնորդությամբ, հանդիպման մասնակիցները շրջայց են կատարել կառավարության շենքում, եղել կառավարության նիստերի դահլիճներում, մամուլի կենտրոնում, ծանոթացել Հայաստանի կառավարության պատմությանը, վարչապետների գործունեությանը, այսօրվա աշխատանքին ու ծրագրերին:


Այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության բակում բացօթյա անկաշկանդ զրույցի է հրավիրել հանդիպման մասնակիցներին:


Շնորհավորելով բոլորին Հայաստանի Անկախության տոնի առթիվ, վարչապետը նշել է, որ մեծ պատասխանատվություն է` լինել անկախ երկրի քաղաքացի, առավել ևս այդ անկախության հասակակիցը: «Դուք ծնվել եք անկախ Հայաստանում և վաղն արդեն հենց դուք եք տնօրինելու մեր երկրի ճակատագիրը», ասել է նա` համոզմունք հայտնելով, որ եթե ոչ նրանք, ապա նրանց հասակակիցներից շատերը մոտ ապագայում ակտիվորեն աշխատելու են նաև պետական ու ոչ միայն պետական կառավարման մարմիններում, դառնալու են մեր պետության շարժիչ ուժը, ուրեմն և այսօրվանից պետք պատրաստվեն դրան:


Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ, իհարկե, դեռևս շատ դժվարություններ կան Հայաստանի զարգացման ճանապարհին, բայց և հավաստիացրել, որ նոր սերունդը ապագա բարվոք ու բարեկեցիկ երկրի ու պետության կառուցման համար լավ ժառանգություն է ստանալու և պետք է կարողանա գուրգուրել, փայփայել արդեն ձեռք բերվածը և նույնքան խնամքով հանձնել հաջորդ սերունդներին:


«Վստահ եմ, որ դուք այսօր հաջողություններ ունենալով ուսման մեջ, վաղը դառնալու եք նաև լավ մասնագետներ, անկախ Հայաստանի արժանի քաղաքացիներ», նշել է վարչապետը: Զրույցի ընթացքում նա պատասխանել է նաև պատանիներին ու աղջիկներին հուզող բազմաթիվ հարցերի:


Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացու անձնագրեր է հանձնել Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ին ծնված 10 պատանիների և աղջիկների, իսկ բոլոր մասնակիցներին նվիրել քառահատոր «Հայկական հանրագիտարան»:


Ի հիշատակ այսօրվա հանդիպման, վարչապետը նաև լուսանկարվել է հանդիպման բոլոր մասնակիցների հետ: