Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 15, 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Համաշխարհային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության գծով ծրագրի պատասխանատու տիկին Ջուդիթ Դինի գլխավորած պատվիրակությանը, որը տարածաշրջանային այցով արդեն եղել է Վրաստանում և Ադրբեջանում: Հայաստանի կառավարության հետ հանդիպման նպատակը, ինչպես հարևան երկու հանրապետություններում, ՀԲ-ի նոր ծրագրի ներկայացումն ու քննարկումն է, որպեսզի փոխադարձ համաձայնություն ստեղծվի դրանում ներգրավվող երկրների միջև: Բանկը, ըստ նրա ներկայացուցիչների, աշխատում է խթանել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների փոխադարձ հետաքրքրության շրջանակներում, և ուսումնասիրության բնագավառներից մեկը, որտեղ բավականին առաջընթաց է նկատվում, առևտրի խթանումն է, այդ նպատակով նաև տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունների լավագույնս օգտագործումը: Ծրագիրը, որն ուղղակիորեն կոչվում է Առևտրի խթանման ծրագիր, ըստ տիկին Ջուդիթի, հավանության է արժանացել Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների կողմից: Նա նշեց նաև, որ ՀԲ-ն դիտարկում է ծրագրի տարածաշրջանային կենտրոն ստեղծելու խնդիրը ևս: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ողջունեց տարածաշրջանային զարգացմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությունը, վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունն ակտիվորեն կներգրավվի ծրագրի իրագործմանը, որը սակայն, ըստ նրա, չպետք է ինքնանպատակ լինի: Վարչապետը կարևորեց մեր երկրի համար ծրագրի արդյունավետության խնդիրը, որը բացի տարածաշրջանի երկրների միջև համագործակցության բարենպաստ պայմանների ստեղծման ցանկությունից, որոշակի գործնական արդյունքներով պետք է արտահայտվի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի հետ կապված մի շարք մանրամասներ: ՀԲ պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ մարտ ամսվա սկզբին Հայաստան կժամանի ՀԲ-ի հերթական առաքելությունը՝ ծրագրի հետ կապված որոշակի աշխատանքներ սկսելու նպատակով: