Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 11, 2002
Մարտի 11-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2002 թվականի ընթացքում իրականացվող 3 երկարաժամկետ բարեգործական ծրագիր: «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն հասարակական կազմակերպությունը շարունակելով ձևավորված բարի ավանդույթները կիրականացնի «ՀՀ տարածքում ապաստանած բռնագաղթված ընտանիքներին բնակարաններով ապահովման «Օթևան» ծրագիրը»: Կազմակերպությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ Երևանի Արաբկիր թաղամասում, Արմավիր, Հրազդան, Աբովյան քաղաքներում և Արմավիրի մարզի Լուկաշին ավանում հանրակացարանների և կիսավարտ շենքերի վերակառուցման-վերափոխման միջոցով 343 փախստականների ընտանիքների համար կստեղծի նորմալ բնակարանային պայմաններ: Հայաստանի հրեական կրոնական համայնքը հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների նյութական, կրթական, մշակութային — առողջապահական խնդիրների լուծմանն ուղղված իր ամենամյա ծրագիրը: «Շվեյցարական կարիտաս» բարեգործական կազմակերպությունը կիրականացնի Վանաձորի թիվ 4 դպրոցի վերանորոգման աշխատանքները: Կազմակերպությունը աղետի գոտու շենքերի համար կպատրաստի դռներ և լուսամուտներ, որոնց բաշխման և տեղադրման աշխատանքների արդյունավետության վերահսկողությունը կիրականացի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը: Նիստում տեղեկատվություն տրվեց բարգործության և մարդասիրական օգնության բվագավառում 2002 թվականի հունվարի 1-ից գործող օրենսդրական փոփոխությունների և բարեգործական ծրագրերի որակման նոր կարգի մասին: Հանձնաժողովը իր պատրաստակամությունը հայտնեց նոր օրենսդրական դաշտում բարեգործական կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքների կազմակերպման հարցում: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման և այլ հարցեր: