Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

նոյեմբեր 26, 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երկրորդ համագումարի բացման կապակցությամբ

Համագումարի հարգելի պատվիրակներ և հյուրեր,

Ողջունում եմ ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երկրորդ համագումարի բացման կապակցությամբ:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, միավորելով 23 ճյուղային հանրապետական միություն` շուրջ 4700 արհեստակցական կազմակերպությունով և ավելի քան 400 հազար անդամով, մեր երկրի հզոր ներուժ ունեցող կառույցներից է: Այսօր արհմիությունների աշխատանքների կազմակերպման համար իսկապես բարենպաստ դաշտ է ստեղծված: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուի հետ հարաբերություններում աշխատողների մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքների ու շահերի ներկայացման, աշխատանքային հարաբերություններում դրանց պաշտպանության առումով արհմիությունների դերն անփոխարինելի է, և այն իրագործելու համար արհմիություններն օժտված են լայն լիազորություններով: Այս տեսանկյունից ձեր արդյունավետ գործունեության հանդեպ սպասելիքներն իսկապես մեծ են:

Համագումարին մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու շահագրգիռ քննարկումներ` ի շահ մեր երկրի տնտեսական և հանրային կյանքում կարևորագույն այս ինստիտուտի հաստատուն և ավելացող դերակատարման: