Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունվար 15, 2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել գործարար միջավայրի բարելավման խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, ֆինանսների և էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, արդարադատության նախարարի տեղակալը, Երևանի քաղաքապետը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալը, հարկային, մաքսային, անշարժ գույքի կադաստրի գերատեսչությունների ղեկավարները, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենը:


Ներկայացնելով խորհրդակցության նպատակը` վարչապետը նշել է, որ այսօր քննարկվելու են Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի հետագա բարելավման հետ կապված խնդիրներ: Նա ընդգծել է, որ գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը մեր երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումների կարևոր անկյունաքարերից մեկն է, գուցեև` ամենից կարևորը և վստահություն է հայտնել, որ այն կշարունակի այդպիսին մնալ: Ըստ վարչապետի, նշված ուղղությամբ յուրաքանչյուր ձեռնարկում պետք է գնահատելի և չափելի լինի, ուրեմն և պետք է կարողանալ հստակ, ոչ վերացական և չափելի նպատակներ դնել: Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ տեսանկյունից նպատակադրումը լինելու է հետևյալը. «Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը 2012 թվականին իր բնութագրիչներով պետք է հասնի աշխարհի լավագույն 10 տոկոս երկրների ցուցանիշների մակարդակին»: Եվ բոլոր նախաձեռնություններն ու քայլերը, կառավարության տնտեսական բլոկի նախարարությունների բոլոր առաջարկություններն ու ջանքերը, ըստ նրա, դիտարկվելու են հենց այդ նպատակին հասնելու տեսանկյունից: Առավել արդյունավետ ու համակարգված աշխատելու դեպքում, վարչապետի հավաստմամբ, գործարար և ներդրումային միջավայրի բնութագրիչներով Հայաստանն աշխարհի լավագույն 10 տոկոս երկրների ցուցանիշների մակարդակին կարող է հասնել կարճ ժամանակահատվածում:


Այնուհետև խորհրդակցության մասնակիցները քննարկել են Հայաստանում գործարարությամբ զբաղվելու դյուրինության բարելավման համար առաջարկվող բարեփոխումներին ուղղված քայլերը:


Խորհրդակցության ավարտին, վարչապետ Սերժ Սարգսյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք այնուհետ կամփոփվեն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունների և ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան վարչության համատեղ քննարկման արդյունքում ու, ըստ այդմ, հստակ կամրագրվեն ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները: