Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 29, 2008

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասսադը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Ձերդ գերազանցություն


Սիրիայի Արաբական Հանրապետության և անձամբ իմ անունից Ձերդ գերազանցությանն ու Հայաստանի բարեկամ ժողովրդին եմ հայտնում անկեղծ շնորհավորանքս բարեկամ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Ձեր ժողովրդին` տևական առաջընթաց ու բարգավաճում:


Օգտվելով առիթից` ուզում եմ վստահությունս հայտնել, որ մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը շարունակելու են զարգանալ նաև հետագա տարիներին:


Ձերդ գերազանցություն, ընդունեք, խնդրեմ, խորին հարգանացս հավաստիքը»:

* * *

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի անունով շարունակվում են բազմաթիվ շնորհավորանքներ ստացվել: ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի Սերժ Ազատի,


ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` 2008թ. փետրվարի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:


Դաշնության խորհրդում ըստ արժանվույն և բարձր են գնահատում վերջին տարիներին երկրում զբաղեցրած պետական պաշտոններում Ձեր կատարած ակտիվ, նպատակային աշխատանքը` ուղղված Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը, նրա շահերի պաշտպանությանը ԱՊՀ տարածքում և աշխարհում, Ռուսաստանի և Հայաստանի բազմակողմանի համագործակցության ամրապնդմանը` երկկողմ հարաբերությունների ամենատարբեր ոլորտներում:


Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում Ձեր առաջիկա գործունեությունը այսուհետ ևս կնպաստի Հայաստանի տնտեսական ներուժի, ինչպես նաև համաշխարհային հանրության շրջանում նրա դիրքերի ըստ ամենայնի ամրապնդմանը:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր մեծագործություններ` հանուն եղբայրական հայ ժողովրդի բարօրության և մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման»:

* * *

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, Հայաստանյայց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան Թեմի Թեմական Խորհրդի և հավատացյալների, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի տնօրինության և խնամակալության անունից ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Թեմի առաջնորդ, ՀՕՖ նախագահ Խաժակ Արք. Պարսամյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Ուրախությամբ տեղեկացանք, որ փետրվարի 19-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության նախագահան ընտրությունների ընթացքին, Հայաստանի օրենսդրության համաձայն հայրենի ժողովուրդը մեծամասնության քվեով Ձեզ է ընտրել որպես նախագահ:


Այս սպասելի ընտրությունը հաստատել են նաև միջազգային դիտորդները հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանի նախագահի ընտրությունն անցել է եվրոպական չափանիշներին համապատասխան»:


Մենք հավատում ենք, որ մեր պետության համար մեծ նշանակություն ունի, մանավանդ այս շրջանին, Ձեր ընտրությունը, երբ նկատի ունենանք Հայաստանի Հանրապետության բարգավաճման և հայ ժողովրդի բարօրության համար նախաձեռնվելիք աշխատանքներուն ծանրությունը: Դուք` որպես նորընտիր նախագահ և ազատ ու անկախ Հայաստանի փորձառու ազգային ղեկավար, վստահ ենք, որ ամեն ջանք ի գործ պիտի դնեք, որպեսզի երկրի մեջ վերահաստատվի անդորրությունը, ուժերու համագործակցությունը և միջազգային վարկանիշի առավել բարձրացումը:


Հայաստանեայց Եկեղեցվո Հյուսիսային Ամերիկայի Արևելեան Թեմի Թեմական Խորհուրդի և հավատացյալներուն, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի տնօրինության և խնամակալության անունով ջերմապես շնորհավորունք Ձեզ և կաղոթենք, որ Տերը միշտ առաջնորդ հանդիսանա Ձեզ և ամենայն հաջողությամբ պսակի Ձեր հայրենաշեն և ազգաշեն գործունեությունները, և մեր պապերուն հայրենիքն ու արյունակից քույրերն ու եղբայրները միշտ դեպի առաջ ընթանան»:

* * *

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Հայաստանյայց եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոսը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայոց Եկեղեցվո Արևմտյան թեմի առաջնորդարանից մեր օրհնություններն ու սիրալիր ողջույններն ենք հղում Ձեզ` արևշատության և հարատև հաջողության լավագույն բարեմաղթություններով:

Անձամբ, Արևմտյան թեմի հոգևորականության, թեմական խորհուրդի և համայն հավատացյալներու անունով, ի սրտե կշնորհավորենք Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնին Ձեր ընտրության ուրախ առիթով:

Երախտապարտ ենք, որ հատկապես Հայաստանի վերանկախացումեն ի վեր, բոլորանվեր ծառայությամբ լծված եք հայրենիքի բարգավաճման, զորացման և ապահովության նվիրական առաքելության: Վստահ ենք, որ Ձեր ունեցած լայն փորձառությամբ, կարողություններով և հայրենասիրական ոգիով` որպես նախագահ, մեծապես օգտակար ծառայություններ կմատուցանեք մեր շատ սիրելի հայրենիքին և հայրենակիցներուն: Նույնպես վստահ և ուրախ ենք, որ Ձեր սերտ հարաբերությունը կշարունակեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Առաքելաշավիղ Հայրապետ` Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Կաղոթենք Աստուծո, որ օրհնե Ձեզ և Ձեզի պարգևե առավել ույժ և կարողություն, որպեսզի միշտ Իր նվիրական հովանիին ներքև պահպանե Ձեզ և Հայաստանի կառավարությունը իր բոլոր բաժանմունքներով և հայրենիքը օրե օր նոր հաջողություններ արձանագրե, և մեր ժողովուրդը ապրի ուրախ, խաղաղ և ստեղծարար կյանք մը:

Հաճեցեք անգամ մը ևս ընդունել մեր լավագույն բարեմաղթությունները: Աստուծո կամքով օր մը կհանդիպինք Հայաստանի մեջ և անձամբ ևս Ձեզի կփոխանցենք մեր սրտագին շնորհավորությունները»: