Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 04, 2008

Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները: Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Մեծարգո նորընտիր նախագահ,


Արգենտինայի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:


Օգտվելով առիթից, վերահաստատում եմ Արգենտինայի կառավարության ձգտումը` էլ ավելի զարգացնելու և խորացնելու երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամության և համագործակցության կապերը` ի շահ մեր ժողովուրդների»:


* * *

Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգուեն Մին Չիետը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Վիետնամի ժողովրդի և անձամբ իմ անունից ամենաջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:


Խորապես համոզված եմ, որ Վիետնամի և Հայաստանի միջև բարեկամության ավանդական հարաբերությունները մշտապես հուսալի հիմք են հանդիսանում երկու երկրների միջև բազմակողմանի համագործակցության ամրապնդման ու զարգացման համար` ի շահ մեր ժողովուրդների բարգավաճման և երջանկության:


Մաղթում եմ հայ ժողովրդին` Ձեր ղեկավարությամբ մեծ հաջողությունների հասնել երկրի զարգացման, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության բարձրացման գործում:


Ցանկանում եմ Ձեզ` պարոն նախագահ, քաջառողջություն, մեծ հաջողություններ Ձեր բարձր պաշտոնում»:


* * *


Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի Հանրապետության նախագահ Լասլո Շոյոմը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Ընդունեք իմ լավագույն մաղթանքները Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով:


Ցանկանում եմ, որ Հայաստանը` հիմնվելով ձեռք բերված նվաճումների վրա, շարունակի առաջ ընթանալ ժողովրդավարական բարեփոխումների և զարգացման ուղիով: Վստահ եմ, որ եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը կխորանա: Դրան աջակցելու նպատակով մենք պատրաստ ենք ձեզ հետ կիսելու եվրաինտեգրման մեր հարուստ փորձը:


Հունգարական կողմը, ինչպես նախկինում, շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, նաև համագործակցության նոր, ժամանակակից ձևերի բացահայտմամբ: Դրա համար լավ հիմք են ապահովում դարերի ընթացքում հաստատված մշակութային կապերը, Հունգարիայում բնակվող և մեր երկրների միջև կապող օղակի դեր կատարող հայ համայնքը»:


* * *


ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստան: Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Լավագույն ցանկություններ և հաջողություններ եմ մաղթում Ձեզ` երկրի ղեկավարի բարձր և պատասխանատու աշխատանքում:


Առիթ եմ ունեցել Ձեզ հանդիպելու Ձեր ներկա` վարչապետի պաշտոնում և ինձ հայտնի է, որ Դուք մեծ կարևորություն եք տալիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին: Ուստի, ոգևորությամբ ընդունելով նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելու լուրը` հուսով եմ, որ հանդիպելու նոր առիթներ կունենանք»:


* * *


ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետին շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանը: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.


«Մեծարգո պարոն նախագահ,



Թանկագին Սերժ Ազատի,


Ես` իմ երիտասարդ գործընկերների հետ միասին, ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:


Հայ ժողովրդի ընտրությունը լավագույն վկայությունն է` հանրապետության և նրա քաղաքացիների ճակատագրում ունեցած Ձեր նշանակալի դերի ճանաչման:


Մաղթում եմ Ձեզ մշտապես խթանել Բարին ու Արարումը:


Առողջություն և հաջողություններ եմ ցանկանում Ձեզ»: