Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 11, 2008

ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանին շնորհավորել և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր Հայրապետական օրհնությունն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո վարչապետ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

Դուք գնահատելի ներդրում ունեք Հայաստանի տնտեսական կյանքի կազմակերպման ու զարգացման գործում` գլխավորելով ՀՀ կենտրոնական բանկը, նախաձեռնելով ու կյանքի կոչելով բազմապիսի ծրագրեր: Ճանաչելով Ձեզ, հայրենասեր և եկեղեցասեր հայորդուդ նվիրումը և նախանձախնդրությունը մեր Հայրենիքի հանդեպ, հավատում ենք, որ ձեր ջանքերը անմնացորդ պիտի ծառայեցնենք մեր երկրի հետագա առաջընթացին, բարօրությանն ու բարգավաճումին և աշխարհասփյուռ մեր ժողովրդի հույսերի մարմնավորմանը:

Աղոթում ենք առ Աստված, որ Իր հանապազ օրհնության ու շնորհի ներքո պահպանի Ձեզ և պարգևի հաջողություններ ու ձեռքբերումներ վարչապետի Ձեր պատասխանատու պաշտոնում` ի սեր մեր Հայրենիքի ու ժողովրդի»: