Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 20, 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերին: Հանդիպման սկզբում, նա նախ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հրավիրել Բրյուսել` ավելի հանգամանորեն քննարկելու համագործակցությանն առնչվող հարցերը: Հրավերը շնորհակալությամբ ընդունվել է:


Այնուհետև, զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցությանը, այդ թվում` Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների ծրագրով ամրագրված բարեփոխումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ նորակազմ կառավարությունը հաստատակամ է և շահագրգիռ` իրականացնելու գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները, որոնք համահունչ են կառավարության կողմից նախատեսվող բարեփոխումների տրամաբանությանը: Կարևորվել է նաև տնտեսական ինտեգրման ուղղությամբ շարունակական աշխատանքը, ինչը ենթադրում է Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան շուկայական համակարգի ձևավորում և ԵՄ-ի հետ խորացված առևտրատնտեսական համագործակցություն:


Վարչապետը ողջունել է ԵՀՔ ֆինանսական գործիքի շրջանակներում իրականացվող ծրագրերը, նաև` Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՀՔ երկրների, այդ թվում` Հայաստանի համար նախատեսվող նոր ֆինանսական «Հարևանության ներդրումային միջոց» հիմնադրամի ստեղծումը: Այս տեսակետից արժևորվել է Եվրոպական ներդրումային բանկի հետ սկսվող համագործակցությունը ևս: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է ԵՄ-ի կողմից ստանալ շուկայական տնտեսության կարգավիճակ, ինչը կարևոր է հետագա փոխգործակցության ընդլայնման ու զարգացման համատեքստում: